211652_close_icon
views-count1453 դիտում article-date 21:55 08-04-2016

ՀՀ կրթության և գիտության նախարարն այսօր ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում: "Հայաստանը միշտ բաց է այլ ազգերի քաղաքակրթությունների հավասարակշռված ազդեցության համար, և այս համատեքստում պարսկական մշակույթի ներկայությունը մեր երկրում նպաստում է կրթության ոլորտում հարևան պետությունների համագործակցության ամրապնդմանը",-նշել է նախարարը: Իր հերթին դեսպան Սաջադին, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, նշել է, որ տնտեսական զարգացման հեռանկարի հիմքը կրթամշակութային ամուր կապերն են: Այդ առումով, դեսպանը տեղեկացրել է, որ ակտիվ զարգացում կա միջբուհական համագործակցության ասպարեզում և հույս հայտնել, որ դա կնպաստի նաև գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ բուհական համակարգում առկա փոխգործակցության շրջանակն անհրաժեշտ է ընդլայնել հանրակրթությունից մինչև գիտություն: Այս համատեքստում, ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել Հայաստանում պարսկերեն լեզվի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությունը: Հաշվի առնելով արտաքին քաղաքական նոր իրողությունները և Իրանի տարածաշրջանային դերակատարությունը՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի գիտական համակարգը կարող է արդյունավետ հարթակ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև գիտության մասնավորապես` բնագիտության ոլորտի համագործակցության համար: Դեսպան Սաջադին առաջարկել է կազմակերպել երկու երկրների կրթության նախարարների փոխայցելություններ: Հանդիպման ընթացքում անդրադաձ է եղել նաև երկու երկրների միջև պետական ավարտական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ուսանողների փոխանակման, միջպետական կրթաթոշակային ծրագրերին և մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր