1515 դիտում
12:54 08-04-2016
Երևանն ու Սանկտ Պետերբուրգն ակտիվ համագործակցում են կրթության ոլորտում
Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության ծրագրի շրջանակում երկու քաղաքների կրթության ոլորտում փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման նպատակով Երևան է այցելել Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաև բարձրագույն և միջնակարգ կրթական մի շարք հաստատությունների ղեկավարներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով կրթության բնագավառում երկկողմ համագործակցությունն ու փոխայցերը, համոզմունք է հայտնել, որ դրանք կլինեն ոչ միայն արդյունավետ, այլև շարունակական:
«Երևանի քաղաքապետարանն այսօր սերտ համագործակցում է Սանկտ Պետերբուրգի կառավարության հետ: Այստեղ առանձնահատուկ է կրթության բնագավառում ծավալված փոխգործակցությունը, որի շրջանակում արդեն իսկ կյանքի են կոչվել համատեղ մի շարք ծրագրեր: Երկու քաղաքների դպրոցների աշակերտների և ուսուցիչների միջև ձևավորված կապը, փոխայցերն ու փորձի փոխանակումը խոսում են արդյունավետ գործակցության մասին»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:
Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ընդգծելով երկու քաղաքների միջև տարբեր ոլորտներում ձևավորված բարեկամական և գործնկերային հարաբերությունները, նկատել է, որ փոխայցերն ավելի են ամրապնդում կապն ու նպաստում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին ջերմ ընդունելության համար, նկատել է, որ այցի ընթացքում Երևանի կրթական համակարգին ծանոթությունն ու դրա շուրջ քննարկումները փոխադարձաբար կարևոր են կողմերի համար՝ կրթության ոլորտում նորամուծությունների ներդրման, լավագույն փորձի տեղայնացման տեսանկյունից:
«Ինձ հետ Երևանում են Սանկտ Պետերբուրգի տարբեր դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ: Վստահ եմ, որ մեր այցը Երևան, ոչ միայն հետաքրքիր կլինի, այլև, իսկապես, արդյունավետ»,-նշել է Իրինա Ասլանյանը:
Հանդիպման ընթացքում հանրակրթության վարչության աշխատակիցները ներկայացրել են վարչության կողմից հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների ծրագրային աշխատանքները, այդ թվում ներառական կրթությամբ հաստատություններում, ինչպես նաև ձեռքբերումներն ու հաջողությունները հանրապետական և միջազգային հարթակներում:
Նմանատիպ նյութեր
16873 դիտում
15:34 21-06-2016
Ի՞նչ տվեց Սանկտ Պետերբուրգն` ըստ Հրանտ Մելիք–Շահնազարյանի
2769 դիտում
16:59 25-01-2017
ՀՀ ԱԻՆ-ն ակտիվ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ
1066 դիտում
16:13 10-10-2014
Երևանն ու Ստեփանակերտը շարունակում են ակտիվ փոխգործակցությունը
Այս բաժնից
931 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է