Ի՞նչ տվեց Սանկտ Պետերբուրգն` ըստ Հրանտ Մելիք–Շահնազարյանի
Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ բանակցությունները` Սարգսյան-Ալիև-Պուտին ձևաչափով, Վիեննայի հանդիպման շարունակությունն է:
Սա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի տպավորությունն է ու եզրահանգումներն են, որ արել է ՀՀ արտգործնախարար Էդվար Նալբանդյանի մեկնաբանություններից:
«Հանդիպման ավարտին նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ վերահաստատում են Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը և աշխատանքներ են տարվում բանակցային գործընթաց սկսելու»,-
ասաց Մելիք-Շահնազարյանը:
«Այն պետք է դիտարկել որպես Վիեննայում տեղի ունեցած հանդիպման տրամաբանական շարունակություն: Նաև այն իմաստով, որ հարցերի շրջանակը նույնն է և դրանք վերահաստատվել են »,-ասաց նա:
Նրա խոսքով՝ թե' Վիեննան, թե' Պետերբուրգը դեռևս լուծում են այս աշխատանքների առաջին մասը այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի սահմանում լինի անվտանգ և այս առումով` Սանկտ Պետերբուրգի հիմնական ձեռքբերումն այն է, որ հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ այս փուլում կարևոր է Ադրբեջանին զսպելը, թեկուզ քաղաքական ճանապարհով, բայց նաև հուշում է, որ դա անպայման պետք է արվի հետևողականորեն:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի լայնածավալ զորավարժություններ անցկացնելուն՝ նա նշեց, որ դրանց հիմքում շանտաժի և վախեցնելու տրամաբանություն կա, և սա նույպես խնդիր է, որ կարող է գրավել պաշտոնական Մոսկվայի ուշադրությունը:
.«Բայց ամեն ինչ կախված է Ադրբեջանի վարքագծին, որը մշտապես առանձնացել է որոշակի պահին ստանձնած պարտավորություններն ու որոշումները փոխելու հարցում: Դժվար է ասել, որ պատերազմի վերսկսման վտանգները հեռացան այս պահին»:
Այսինքն` ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, հասկանալի է, որ սպառնալիքը մնում է, հատկապես այս օրերին, երբ հայ- ադրբեջանակն շփման գծում է կուտակված է շուրջ 25 000 ադրբեջանցի:


