ԵԱՏՄ վարչապետների նիստը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Մոսկվա. Վահրամ Բաղդասարյան
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների նիստը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 8 -ին` Երեւանում, կարող է տեղափոխվել Մոսկվա` պայմանավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ներկայիս իրավիճակով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նշենք, որ այդ մասին հաղորդում է նաև ՏԱՍՍ-ը` լրացմամբ, որ բացի Երևանից Մոսկվա տեղափոխվելուց, փոխվել է նաև ժամկետը` ապրիլի 13: Լրատվական գործակալությունը հղում է արել ԵՏՄ-ում իր աղբյուրին:
Ինչևէ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտնեց նաև, որ Հայաստանի իշխանությունները պնդելու են, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակից կողմ լինի նաեւ ղարաբաղյան կողմը:
«Մեր պնդումն էլ հենց դա է՝ եթե բանակցություններ են, ղարաբաղյան կողմը պետք է ոչ միայն մասնակից լինի բանակցություններին, այլ բանակցող կողմ լինի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
«Այդ համաձայնագրի ստորագրումն արդեն իսկ որոշ չափով կնշանակի անկախության ճանաչում: Եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես վերջին օրերին, եթե շարունակվեն լայնածավալ ռազմական գործողությունները, արդեն կլինի նաև հաջորդ քայլը՝ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Եթե պետք է շարունակվեն լայնամասշտաբ ռազմական գործողությունները, բնականաբար, մեր թշնամին մեզ կդրդի, որ մենք ճանաչենք ԼՂՀ-ի անկախությունը և հայտարարենք պատերազմ»,- մեկնաբանեց նա: