Ինչու՞ էր կրկին մարդաշատ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին հատկապես զինվորական համազգեստով երիտասարդներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` ապրիլի 5-ին, ժամը 18:00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցավ խոկման արարողություն:
Խոկման արարողությանը իր խոսքով ներկաներին դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերաշնորհ Սրբազան հայրը անդրադարձավ ապրիլի 2-ից մինչ օրս սահմանում տեղի ունեցող ռազմական գործողություններին:
Ի դեմս ներկա զինվորներին` Սրբազան հայրը իր խոսքն ուղղեց հայ զինվորին, քաջալերելով նրա մարտական ոգին և այն, որ մենք հավատում ենք, որ Աստված մեզ հետ է և մենք ոչնչից չենք վախենում:
Սրբազան հայրը դիպուկ շեշտեց նաև այն, որ մարդկային կյանքը ոչինչ է, եթե այն դրսևորվում է միայն երկրային ձեռքբերումներ ունենալու ձգտումով, եթե չկա նրանում Աստծո, հայրենիքի, սրբությունների, բարեկամի, ընտանիքների համար զորհաբերվելու բարձր և վեհ գիտակցությունը:
Ոգևորիչ էր նաև այն, երբ Սուրբ Գրիգոր Լուավորիչ Մայր եկեղեցու դպրաց դասը և եկեղեցու «Հավատամք» երգչախումբը արարողության ընթացքում հպարտությամբ կրում էին հայ զինվորի համազգեստը, որով արարողության ժամանակ երգեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Ներսես Շնորհալու շարականները և մասնակից եղան միասնական, գոհաբանական աղոթքին:
Արարողության միջավայրը ընկալելի դարձրեց Սրբազանի կողմից ասված այն խոսքը, որ այս օրերին դրսևորվում է մեր ժողովրդի քաջության, հայրենասիրության հավաքական ոգին:
Խոկման արարողությունը ավարտվեց Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի Պահպանիչ աղոթքով և Անուշավան Սրբազանի Արձակման մաղթանքով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի