211652_close_icon
views-count2567 դիտում article-date 22:09 02-04-2016

1896 թվականի այս օրը ծնվել է Սողոմոն Թեհլերյանը

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ 1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Թեհլերյանը պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) եւ ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

Նմանատիպ նյութեր