211652_close_icon
views-count4567 դիտում article-date 09:08 15-03-2016

1921 թվականի այս օրը Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ 1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

Նմանատիպ նյութեր