211652_close_icon
views-count1171 դիտում article-date 17:32 01-04-2016

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հրապարակել է 2016թ. առաջին եռամսյակում ստացիոնար բուժման ուղեգիր ստացած քաղաքացիների թիվը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը ներկայացրել է 2016թ. առաջին եռամսյակի արդյունքները: Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում 451046 քաղաքացի այցելել է քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ. նրանցից 6220-ը ուղեգրվել է ստացիոնար բուժման, 267 քաղաքացի էլ ստացիոնար բուժման ուղեգրում է ստացել աշխատակազմի առողջապահության վարչության կողմից: Շտապօգնությունն սպասարկել է 61886 կանչ։ Այս տարվա առաջին եռամսյակում տրամադրվել է նաև առողջարանային վերականգնողական բուժման 145 ուղեգիր, որոնցից 43-ը՝ «Գանձաղբյուր», 53-ը՝ «Ջերմուկ Աշխարհ», 49-ը՝ Ջերմուկի «Արարատ» առողջարաններ։ Երևանի քաղաքապետարանի կողմից հաջորդող երեք եռամսյակների ընթացքում կշարունակվեն ինչպես անապահով ընտանիքների համար առողջական խնդիրների լուծմանն ուղղված սոցիալական օժանդակության, այնպես էլ կանանց առողջության պահպանմանն ուղղված հատուկ առողջապահական ծրագրերը: Հարկ է նշել, որ սոցիալական օժանդակության կարիք ունեցող կամ անապահով ընտանիքների աջակցությանը, նրանց առաջնային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետարանի հատուկ ուշադրության և հոգածության ներքո։ Փուլային բաշխվածությամբ յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվում են ոլորտային ծրագրեր, որոնք ուղղված են ընտանիքների թե՛ կենցաղային պայմանների բարելավմանը, թե՛ երեխաների համար անվճար կրթության հասանելիությանը, թե՛ առողջապահության և սոցիալական նպաստների տրամադրման համակարգում ընդգրկվելու հնարավորության ստեղծմանը։ Նշված աշխատանքներում ներգրավված են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության, հանրակրթության, առողջապահության վարչությունները, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժինը։

Նմանատիպ նյութեր