211652_close_icon
views-count1099 դիտում article-date 16:08 29-03-2016

ԱԻՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել

Մարտի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց ԱԻ նախարարի նորանշանակ տեղակալ Համլետ Հակոբյանին: Նախարարը շնորհավորեց և բեղմնավոր գործունեություն մաղթեց Հ. Հակոբյանին: Ա. Երիցյանը նշեց, որ Հ. Հակոբյանին առանձնահատուկ ներկայացնելու կարիք չկա, քանի որ նա երկար տարիներ եղել է նախարարության աշխատակազմի ղեկավար: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 292 դեպքի: Վ. Գաբրիելյանը հայտնեց, որ մարտի 23-25 մարզերում անցկացվել են քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինար պարապմունքներ: «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հաղորդեց, որ շարունակվում է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը՝ դիտացանցի արդիականացման ուղղությամբ: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ տեղումներն այսօր երկրորդ կեսին կդադարեն, առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 31-ին կրկին հնարավոր են տեղումներ: Լ. Վարդանյանը հայտնեց նաև, որ հանրապետության տարածքը երեկ գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, շրջաններում ձևավորվել է ձյան ծածկ: ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց նախարարության թանգարանի ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական ծառայության պետ Արևիկ Երիցյանը զեկուցեց մարտի 25-27 ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում` Ուրալի դաշնային համալսարանում ՌԴ ԱԻՆ Հրատապ հոգեբանական օգնության կենտրոնի ուրալյան մասնաճյուղի աջակցությամբ կայացած «Արդիականության եզրակցում: Մարդու և համայնքների կենսակայունություն» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցության և արդյունքների մասին: Ծառայության պետը նշեց, որ գիտաժողովի ընթացքում իր զեկույցում անդրադարձել է «Անձի հոգեբանական ռեսուրսները և սոցիալական ադապտացումն արտակարգ իրավիճակներին» թեմային, հանդիպում ունեցել ՌԴ ԱԻՆ ուրալյան տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ս. Միրոշնիչենկոյի հետ: Արևիկ Երիցյանի փոխանցմամբ՝ ռուսաստանյան մասնագետները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությանը: Նախարար Ա. Երիցյանը, անդրադառնալով հոգեբանական ծառայության գործունեությանը, նշեց, որ այն արդեն լուրջ ձեռքբերումներ ունի և հորդորեց շարունակել արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ կարճ ժամանակում միջազգային լավագույն փորձը ներդնելու և կայուն զարգացող ծառայություն ունենալու նպատակով: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության մասին: Խորհրդակցության վերջում նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության գնդապետի կոչում շնորհեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Կարինե Ոսկանյանին:

Նմանատիպ նյութեր