211652_close_icon
views-count3791 դիտում article-date 10:51 25-03-2016

Ո՞վ և ինչպես է սովորելու ՀՀԿ-ի դպրոցում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ գործկոմի նիստում երեկ կայացվել է ուշագրավ մի որոշում: Պարզվում է, որ ՀՀԿ-ում մտածում են քաղաքական դպրոց ստեղծելու մասին, որը կրելու է Անդրանիկ Մարգարյանի անունը: Ավելի շուտ՝ ոչ թե մտածում են, այլ արդեն մտածել են ու որոշել: ՀՀԿ-ն ու դպրոցը, իհարկե, «գենետիկորեն» անհամատեղելի հասկացություններ են, և մենք դրանում համոզվել ենք տեսնելով, թե այդ կուսակցությունն իր իշխանության մոտ երկու տասնամյակների ընթացքում, ըստ էության, ինչի է վերածել Հայաստանի դպրոցները, դպրոց-ինստիտուտը ընդհանրապես: Դպրոցը հանրակրթական հաստատությունից, պետական սերունդ դաստիարակող կարևորագույն ինստիտուտից վերածվել է ընտրակեղծարարության որջի, կուսակցական բջիջի, որտեղ խրախուսվում են ընտրական թվանկարչությունը, երեսպաշտությունը, որտեղ ուսուցչական կոլեկտիվների առաքելությունը իշխանություններին, ոչ թե գիտելիքին և դրան կարոտ սերնդին ծառայելն է: Դպրոցները ՀՀԿ կառավարման տարիներին վերածվել են ոչ թե նոր սերնդի և գիտելիքի, այլ ՀՀԿ-ի և նկարված ընտրաթվերի հանդիպման վայրի: Մյուս կողմից, սակայն, եթե ՀՀԿ նոր դպրոցը, ըստ էության, դառնալու է կուսակցության, այսպես ասած, նոր սերնդի դարբնոցը, միգուցե Հանրապետականը արդեն հանգիստ թողնի հանրակրթական դպրոցները և բուհական հաստատությունները և, այսպես ասած, իր սերնդափոխությունը ապահովի իր դպրոցով: Թեեւ դա, իհարկե, խիստ մշուշոտ հույս է և ըստ էության՝ չհիմնավորված լավատեսություն: ՀՀԿ-ի լեգիտիմությունը, մեղմ ասած, այն վիճակում չէ, որ կարողանա իրեն թույլ տալ մնալ մեկ դպրոցի հույսին: Այնպես որ՝ ՀՀԿ-ի նոր դպրոցով ավելանալու է Հայաստանում ՀՀԿաֆիկացվածության աստիճանը: Միևնույն ժամանակ, նոր դպրոցն, իհարկե, կոչված է լինելու թերևս սպասարկել ՀՀԿ-ի ներսում հասունացող ներկուսակցական կարևոր մի ջրբաժանը, այսպես ասած՝ սերնդափոխությունը: Քաղաքական դպրոցի տեսքով, ըստ էության, փորձ է արվում սահմանել որոշակի նոր նշաձողեր, դրանց միջոցով ինքնաբերաբար և քայլ առ քայլ դուրս թողնելով, այսպես ասած, հին սերնդին: Այսինքն՝ մարտավարությունը մոտավորապես պարզ է. չգնալով այդ սերնդին քաղաքական կամ վարչական որոշումներով դուրս թողնելու քայլի, հասկանալի ներհամակարգային ռիսկերից և լարվածությունից խուսափելու համար, Սերժ Սարգսյանն, ըստ երևույթին, փորձում է նշաձողերը, իհարկե՝ չակերտավոր նշաձողերը, բարձրացնել և այդպիսով ըստ էության, այսպես ասած, ինքնըստինքյան դուրս թողնել հին գվարդիան: Եթե, իհարկե, այդ գվարդիան նորերից ավելի առաջ չընկնի ու առաջինը դառնա նոր դպրոցի ուսանող: Չէ՞ որ այդ հին գվարդիականների կենսագրությունները այժմ լեցուն են հասուն տարիքում տարատեսակ ինստիտուտների և համալսարանների դիպլոմներով և անգամ գիտությունների տարաբույթ դոկտորների կոչումներով: Այնպես որ՝ քաղաքական ինչ-որ դպրոց հաղթահարելը նրանց համար խաղ ու պար է, ընտրություն կեղծելու պես մի բան»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր