211652_close_icon
views-count748 դիտում article-date 17:40 23-03-2016

Շախմատի դասավանդման փորձի ուսումնասիրման նպատակով Երևանում է Բելառուսի Հանրապետության սպորտի նախարարության պատվիրակությունը

Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դուբկովսկու գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում շախմատը որպես պարտադիր դասավանդվող առարկա ներդրման գործընթացի առանձնահատկությունները: «Մենք կյանքի ենք կոչել Հայաստանի Հանրապետության Նախագահի ծրագիրը, և այն արդեն հուսադրող արդյունքներ է տալիս: Գործընթացը սկսվել է գիտամանկավարժական լուրջ ուսումնասիրություններից հետո, և պատահական չի ընտրված աշակերտների տարիքային շեմը՝ 2-րդից 4-րդ դասարանները»,- ասել է նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ հայկական փորձը այլ երկրներում կիրառելու վերաբերյալ քննարկումներ է ունեցել նաև ՖԻԴԵ-ի նախագահի հետ, որն անձամբ շատ է հետաքրքրված աշակերտներին շախմատ դասավանդելու աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ: «Բելառուսի Հանրապետությունն առաջին երկիրն է, որն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում, և մենք ուրախությամբ մեր բելառուս գործընկերներին կփոխանցենք տարիների ընթացքում ձեռք բերված փորձը»,- նշել է Գ. Ղազարյանը: Պատվիրակության ղեկավար Ա. Դուբկովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ հայկական փորձի կիրառումը կնպաստի Բելառուսի Հանրապետությունում շախմատի ավելի մասսայականացմանը և զարգացմանը: Երկօրյա այցելության ընթացքում հյուրերը կլինեն հանրակրթական դպրոցներում՝ ուսումնական գործընթացին տեղում ծանոթանալու և ուսուցիչների հետ զրուցելու նպատակով: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել փորձագիտական խմբերի մակարդակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Վ. Հայրապետյանը, Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հ. Թավադյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Յու. Մամիկոնյանը և հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ս. Շաշիկյանը:

Նմանատիպ նյութեր