211652_close_icon
views-count1339 դիտում article-date 20:33 18-02-2014

Հայոց լեզվի դասավանդման նպատակով կստեղծվի վիրտուալ հեռուստադպրոց

Փետրվարի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Խոսելով հայկական Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն առաջնային համարեց հայոց լեզվի ուսուցումը, պահպանումը և տարածումը՝ որպես հայ ինքնության պահպանման միակ առհավատչյա: Հյուրերին ներկայացվեց նաև այս ուղղությամբ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվեց մայրենի լեզվի ուսուցման նպատակով ՀԲԸՄ-ի հետ համատեղ սփյուռքի նախարարության կողմից վիրտուալ հեռուստադպրոցի ստեղծման հարցը: Նախատեսվում է հեռահար ուսուցմամբ մայրենին հասանելի դարձնել հայկական Սփյուռքի տարբեր համայնքներին: Հայոց լեզուն դասավանդվելու է օտար լեզվի հիմքով: Ծրագիրը նախատեսված է լեզվի իմացության տարբեր մակարդակների համար՝ հաշվի առնելով առանձին երկրներում լեզվի ուսուցման պահանջարկը և նախատեսված է 10 տարեկան և ավելի մեծ տարիքի երեխաների համար: Դասընթացն իրականացվելու է ինտերակտիվ մեթոդով ուսուցողական վարժությունների միջոցով: Այն հեռուստադպրոցի աշակերտների հարցերին օն-լայն պատասխանելու, շփման, կարծիքները փոխանակելու և քննարկելու հնարավորություն է ընձեռում: Ավելի ուշ նախատեսվում է նաև կազմակերպել արևմտահայերենի ուսուցում: ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև ծրագրի իրականացման տեխնիկական, կազմակերպական այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր