211652_close_icon
views-count1182 դիտում article-date 18:10 22-03-2016

Փաստաբանական դպրոցի շրջանավարտները հանձնել են որակավորման առաջին քննությունը

Այսօր՝ մարտի 22-ին, Փաստաբանական դպրոցի շրջանավարտները որակավորման քննություն են հանձնել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի (դեոնթոլոգիա) մոդուլից: Քննությունն անց է կացրել ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը: Դեոնթոլոգիա մոդուլի գրավոր առաջադրանքը կատարելու համար ունկնդիրներին տրամադրվել է 3 (երեք) ժամ: Քննության մասնակիցները պատահականության սկզբունքով ընտրել են իրենց աշխատասեղանները, որից հետո պատահականության սկզբունքով մի շարք խնդիրներից ընտրվել է 4-ական խնդիր։ Խնդիրների միջոցով հավակնորդներին հանձնարարվել է որոշել վարքագծի կանոնագրքի խախտումների առկայությունը կամ բացակայությունը՝ յուրաքանչյուր դեպքում հիմնավորելով պատասխանը։ Քննության մասնակիցների աշխատանքները նրանց հետ նույնացնելը բացառելու նպատակով աշխատանքն ավարտելուց հետո հավակնորդը այն տպել է երկու օրինակից, որոնց վրա փակցվել են շտրիխ կոդերը։ Երկու աշխատանքներից մեկի վրա հավակնորդը ստորագրել ու քառապատիկ ծալված վիճակում տեղադրել է կնքված արկղի մեջ, իսկ մյուս օրինակը, որի վրա փակցվել է միայն շտրիխ կոդը, հանձնվել է հանձնաժողովի անդամին։ Այն աշխատանքը, որի մեջ պայմանական նշումներ կլինեն կամ հեղինակի անձը բացահայտող այլ գրառումներ, գնահատվելու է 0 միավոր։ Շտրիխ կոդերը և դրանց ծածկագրերը ձևավորվել են քննության մասնակիցների ներկայությամբ (սրահում տեղադրված էկրանի վրա), որտեղ խառնվել է ծածկագրերի բազան և տպվել ու կնքված արկղի մեջ է տեղադրվել ծածկագրերի բազան ու դրա էլեկտրոնային կրիչը, իսկ ինքնակպչուն թղթի վրա տպված շտրիխ կոդերի թերթիկները հանձնվել են որակավորման հանձնաժողովի անդամներին։ Քննության ավարտից հետո՝ նշված աշխատանքները հանձնվելու են երկուական ստուգողի (որոնց ինքնությունը գաղտնի է), որոնք որակավորման հանձնաժողովի սահմանած չափանիշների համաձայն գնահատելու են աշխատանքները, որից հետո փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամները նիստ են հրավիրելու և գնահատելու են յուրաքանչյուրի աշխատանքը։ Որակավորման հանձնաժողովի կողմից աշխատանքները գնահատելուց հետո, արդյունքները հրապարակվելու են (ծածկագիր-գնահատական), իսկ հետո՝ բացվելու է կնքված արկղը, որպեսզի բացահայտվեն ծածկագրերի հեղինակները։ ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտները փաստաբանի արտոնագիր ստանալու համար պետք է հանձնեն որակավորման ևս 2 մոդուլ՝ քրեական ուղղվածությամբ ունկնդիրները հանձնելու են դեոնթոլոգիա, կազմելու են միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք, կազմելու են դատավճռի դեմ վերաքննիչ բողոք, իսկ քաղաքացիական ուղղվածություն ունեցող ունկնդիրները պետք է հաղթահարեն դեոնթոլոգիան, կազմեն հայցադիմում և վճռի դեմ վերաքննիչ բողոք:

Նմանատիպ նյութեր