211652_close_icon
views-count2262 դիտում article-date 17:24 22-03-2016

Խաղընկերները` Ռոման Բերեզովսկու մասին

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է «Խաղընկերները Ռոման Բերեզովսկու մասին» շարքը, որտեղ Ռոման Բերեզովսկու խաղընկերները խոսում են Ռոմանի խաղային որակների և մարդկային հատկանիշների մասին, հիշում նրա հետ կապված հետաքրքիր դեպքեր: [b]Արթուր Ոսկանյան, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ [/b] «Ռոման Բերեզովսկու մասին միայն լավը կարող եմ ասել: Բոլորն էլ գիտեն, որ նա շատ համեստ, հանգիստ, իր գործին նվիրված մարդ է: Ռոմանը մեզնից տարիքով մեծ էր և նրանից շատ բան ենք սովորել պրոֆեսիոնալիզմի առումով: Իր համեստությունը, հանգստությունը թիմին էր փոխանցվում: Հաճախ ասում էին՝ ինքը քիչ է խոսում, մյուս դարպասապահների համեմատ շատ հանգիստ է, բայց, միևնույն է, ինքն իր խաղով միշտ վստահություն էր ներշնչում պաշտպաններին: Ռոմանին հետագա հաջողություններ եմ մաղթում նաև մարզչական կարիերայի ընթացքում»: [b]Տիգրան Պետրոսյանց [/b] «Ռոման Բերեզովսկին հանգիստ, համեստ անձնավորություն է, երբեք իրեն գոռոզ չէր պահում: Երբ ինքն էր կանգնում դարպասին, մենք մեզ միշտ վստահ և ապահով էինք զգում: Ռոմանը նաև երկար տարիներ շարունակ Ռուսաստանի լավագույն դարպասապահներից էր և հարգանք է վայելել բոլոր այն թիմերում, որտեղ խաղացել է: Պատահական չէ, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո անմիջապես դարձավ Մոսկվայի «Դինամոյի» պես հեղինակավոր ակումբի մարզիչներից մեկը: Հիշում եմ, երբ 1994 թ. Երիտասարդական հավաքականով գնացել էինք Ադլեր՝ հավաքի, Ռոմանը նույնպես հրավիրված էր: Մենք մարզվել էինք միասին փոքր տարիքում, բայց հետո Ռոմանի մասին տեղեկություն չկար: Բոլորս նրան հիշում էինք, որպես միջահասակ ֆուտբոլիստ, բայց երբ Ռոմանը եկավ, շատ զարմացանք: Նրա հասակն արդեն այդ տարիքում 190 սմ էր: Հենց այդ ժամանակ էլ հասկացանք, թե ինչ ներուժ կարող է ունենալ Ռոմանը, քանի որ հայկական ֆուտբոլում այնքան էլ շատ չէին բարձրահասակ դարպասապահները: Ռոմանի հետ միշտ ընկերություն ենք արել և հիմա էլ կապի մեջ ենք: Նրան հետագա հաջողություններ եմ մաղթում»:

Նմանատիպ նյութեր