211652_close_icon
views-count7075 դիտում article-date 13:46 21-03-2016

Ինչ վիճակում են անտառները. պաշտոնյայի ու ՀԿ ներկայացուցչի տվյալները էապես տարբերվում են

1987 թվականի համեմատ Հայաստանում 12000 հա անտառածածկ տարածք է վերացել: 2000 - 2014 անտառային կորուստը կազմել է 2000 հա, ավելացումը` 1278: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Հիշեցնենք, որ մարտի 21-ը անտառների պահպանության միջազգային օրն է: ՀՀ ներկայիս անտառազուրկ զգալի տարածությունները վաղ անցյալում ծածկված են եղել անտառներով։ Այդ են վկայում հին պատմիչները և անտառների մնացորդները։ Հայոց թագավորների հովանավորությամբ ու նախաձեռնությամբ արքունի կալվածք Այրարատ նահանգում տնկվել են արհեստական անտառներ։ Մովսես Խորենացին հիշատակում է Արմավիր մայրաքաղաքի մոտ հայ ազգապետ Արամանյակի տնկած Սոսյաց անտառի մասին (մ.թ.ա. I հազարամյակի 1-ին կես)։ Երվանդ Դ արքան (մ.թ.ա. Ill դ. վերջ) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Բ թագավորի օրոք (332-338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակվել են պարիսպներով և բնակեցվել կենդանիներով ու թռչուններով։ Հայաստանի անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտարերկրյա արշավանքների ժամանակ։ ՀՀ-ում շատ անտառներ գտնվում են հատուկ պահպանության տակ։ Բանախոսը նշեց, որ Հայաստանում անտառածածկ է 332 333 հա տարածք, որի 25 տոկոսը գտնվում է Բնապահպանության նախարարության, մնացած 75 տոկոսը` Գյուղատնտեսության նախարարության ՝ «Հայանտառի» ենթակայության տակ: Ըստ «Հայանտառի» տնօրենի` ապօրինի հատումները 2015-ին ավելացել են նախանցյալ տարվա համեմատ. 2014 թվականին 1043 ծառ է հատվել, իսկ 2015 թվականին՝ 1972 ծառ : «Հայանտառի» պաշտոնյան այս ցուցանիշի աճը պայմանավորում է ժողովրդի ծանր սոցիալաակն վիճակով ու գազի գնի թանկացմամբ»: «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն ի պատասխան` ասաց. «Եթե 21-րդ դարում մարդը չի կարողանում իր տարրական սոցիալական կարիքները հոգալ,ինչի համար ստիպված է լինում անտառ հատել, ուրեմն բոլոր պետական մարմիններում աշխատողները լուրջ անելիքներ ունեն»: Ըստ Լևոն Գալստյանի` վերջին 10 տարիների ընթացքում անտառի ոլորտում ուսումնասիրությունները բավականին քիչ են և մինչ ինչ օրս պաշտոնապես գրվում է 1991 թվականի թիվը, որ Հայաստանն ունի 11.2 տոկոս անտառածածկ տարածք: Իսկ Լևոն Գալստյանենց տվյալներով` անտառածածկ տարածքները Հայաստանում դարձել են 5-6 տոկոս: Բնապահպան Լևոն Գալստյանի կարծիքով՝ անտառը պետք է դուրս բերել գյուղատնտեսության նախարարության կազմից և ներառել բնապահպանության նախարարության կազմի մեջ:

Նմանատիպ նյութեր