ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 7-րդ փուլը
Մարտի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 7-րդ փուլը:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների ռազմավարության և քաղաքականության իրականացման ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը: Նիստին մասնակցեցին նաև ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ:
Երկխոսության ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր: Ընդգծվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացում արձանագրված առաջընթացը: Այդ համատեքստում հայկական կողմը իր հանձնառությունը հայտնեց շարունակելու երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ապահովմանը ուղղված քայլերը: Հիմք ընդունելով ընդհանուր արժեքները` կողմերն ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների հետագա խթանման համար ԵՄ աջակցության կարևորությունը:
Հանդիպման օրակարգում էին նաև դատաիրավական ոլորտին, ընտրական օրենսդրությանը, երեխաների իրավունքների և գենդերային հավասարությանը, քաղաքական ու քաղաքացիական ազատություններին, քաղաքացիական հասարակության մասնակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի հետ մարդու իրավունքների պաշտպանության ալարտում առավել առարկայական համագործակցության հնարավորություններին:
Տեղեկանք. Մարդու իրավունքների շուրջ ԵՄ - Հայաստան երկխոսությունը հաստատվել է 2009 թվականի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ հաջորդաբար Երևանում և Բրյուսելում:


