211652_close_icon
views-count2431 դիտում article-date 12:47 17-05-2018

Տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստը

Մայիսի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստը, որը Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրություններից հետո կայացած առաջին ԵՄ-Հայաստան ձեւաչափի հանդիպումն էր: Հայաստանը և ԵՄ-ը վերահաստատեցին իրենց հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի՝ երկու կողմերի համար ընդհանուր հանդիսացող արժեքներին: Այս արժեքները կազմում են 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և 2018թ. ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացված «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հիմքը: Եվրոպական միությունը հաստատեց Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու և այս կարևորագույն ոլորտներին աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը: Ի թիվս այլ հարցերի, Հայաստանը և Եվրամիությունը քննարկեցին ընտրական բարեփոխումներին, հավաքների և կամարտահայտման ազատությանը, գենդերային հավասարությանը, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին առնչվող հարցեր: Ընտրական բարեփոխումների վերաբերյալ Եվրամիությունն առաջարկեց մինչև արտահերթ ընտրությունները փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ՝ այն համահունչ դարձնելով միջազգային կազմակերպությունների առաջարկներին և Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններին: Կողմերն ընդգծեցին, որ հավաքների ազատությունը համընդհանուր և հիմնարար ազատություն է: Եվրոպական միությունը ողջունեց վերջերս տեղի ունեցած բողոքի գործողությունների խաղաղ բնույթը, ինչպես նաև բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը: Նաեւ, հարցում արեց բերման ենթարկված անձանց կարգավիճակի վերաբերյալ: Երկխոսության ընթացքում որպես ժողովրդավարական ընտրությունների անցկացման նախապայման ընդգծվեց ազատ և բազմակարծիք լրատվական միջավայրի և քաղաքական բազմակարծության կարևորությունը: Հայաստանը վերահաստատեց իր հաձնառությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրականության համապարփակ օրենսդրության ընդունման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր հավասարության ազգային մարմնի ստեղծման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը քաղհասարակության կազմակերպությունների հետ միասին կգումարի ինտերակտիվ հանրային լսումներ՝ միտված Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ապահովմանը: Աշխատանքի իրավունքի ոլորտում, հայկական կողմը նշեց, որ ծրագրում է բարեփոխել աշխատանքի տեսչության համակարգը համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերի, աշխատավարձի և աշխատողների իրավունքների տեսանկյունից: Երկխոսությունը հնարավորություն ընձեռեց կազմակերպելու Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ մտքերի բաց և կառուցողական փոխանակում: Իր կողմից որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ Եվրոպական միությունը երկխոսությանն ընդառաջ հանդիպել և խորհրդակցել էր հայաստանյան և միջազգային քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման արդյունքում ընդունվել էին գործառնական եզրակացություններ, ուր նախանշված են կոնկրետ գործողություններ, որոնց կատարման ընթացքը կդիտարկվի և հետևողական ուշադրության կարժանանա հաջորդ տարվա ընթացքում: ԵՄ-ը վերահաստատեց իր պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ-ը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը:

Նմանատիպ նյութեր