3562 դիտում
15:24 16-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այցով Սյունիքում էր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնակին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ:
«2015 թվականի տարեկան արդյունքներով մեր երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 7 տոկոսն ապահովել է Սյունիքի մարզը, ինչը զգալի ներդրում է: Նախորդ տարի մարզում շուրջ 1500 հեկտար լրացուցիչ հող է մշակվել, 700 հեկտարով ավելացել են աշնանացանի ցանքատարածությունները: Բոլոր նախադրյալներն առկա են, որպեսզի այս տարի նույնպես մարզը բարձր ցուցանիշներ ապահովի: Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք նոր ձեռքբերումներ ենք ունենալու», - ամփոփելով անցյալ տարվա ցուցանիշները` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրին` նախարարը նշել է, որ առաջին ծրագրում նախատեսված 10 համայնքի փոխարեն մարզից ընդգրկվել է 14 համայնք, երկրորդ ծրագրի մեջ արդեն ներգրավված է 20 համայնք: Այս ծրագրի շնորհիվ մարզում ավելացել է անասնագլխաքանակը, մթերատվությունը, բարելավվել են ջրարբիացման համակարգերը:
Նախարարը տեղեկացրել է, որ պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմերի տրամադրման պետական աջակցության ծրագրերի շրջանակում մարզերի պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է. դրանք արդեն իսկ ներկրվել են և առաջին իսկ պահանջի դեպքում կտրամադրվեն հողօգտագործողներին: Բացի այդ, մարտի 9-ից սկսվել է նաև գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, և ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի» մասնաճյուղերին:
Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է նաև մարզում կոոպերատիվների շարժման խթանումը:
«Կոոպերատիվները մեր գյուղատնտեսության զարգացման ապագան են, եվրոպական զարգացած երկրներում դրանք հարյուրամյակների պատմություն ունեն և այսօր ապահովում են գյուղատնտեսական համախառն արտադրանքի գերակշիռ մասը: Կոոպերատիվների մեջ միավորվելով` մեր փոքր գյուղացիական տնտեսությունները կարողանալու են կրճատել իրենց ծախսերը, դյուրացնել ապրանքների իրացման խնդիրները, շահավետ գներով վաճառել ստացված արտադրանքը, ինչն էլ կհանգեցնի եկամուտների ավելացմանը», - իր խոսքում ընդգծել է Սերգո Կարապետյանը:
Նախարարը հավելել է, որ «CARMAC 2» ծրագրով նախատեսվում է ստեղծել ևս 100 կոոպերատիվ, արդեն իսկ 150 կոոպերատիվներ գործում են, որոնք բավականին լավ արդյունքներ են ապահովում:Կոոպերատիվների զարգացմանն են ուղղված նաև Եվրամիության «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» («ENPARD») ծրագիրը, Ավստրիայի զարգացման գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող մի շարք ծրագրեր:
Անդրադառնալով մարզի խնդիրներին` նախարարը հատկապես կարևորել է գյուղմթերքի իրացման խնդիրը` հավելելով, որ մսի իրացման հարցը լուծելու նպատակով նախատեսվում է մարզում կառուցել խոշոր սպանդանոց, առաջիկայում Կապանում շահագործման կհանձնվի նոր վերամշակող գործարան:
Իր հերթին Վլադիմիր Նարիմանյանն անդրադարձել է ոռոգմանն առնչվող հարցերին` ընդգծելով, որ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ համակարգը կարգի բերելու և ապրիլի 1-ից ջրամատակարարումը սկսելու նպատակով:
Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Սառնակունք համայնքի ֆերմեր Սուրեն Վարդանյանը և Արծվանիկ համայնքի ղեկավար, ֆերմեր Անուշավան Հարությունյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:
Այնուհետև նախարարն ուղևորվել է Ակներ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել տեղի կոոպերատիվի անդամների հետ, որը ստեղծվել է շուրջ 4 տարի առաջ: Նրանք նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են կոոպերատիվի գործունեությանից և տեսնելով այդ արդյունքները` համայնքի բնակիչներից շատերը նույնպես անդամագրվելու ցանկություն են հայտնել: Ակների կոոպերատիվն այժմ ունի 131 անդամ: Նախարարը շեշտել է, որ այսուհետ պետական աջակցության ծրագրերն ուղղվելու են գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացմանն ու զարգացմանը:
Նախարարի հաջորդ կանգառը Հարթաշեն համայնքում էր, որտեղ նա մասնակցել է նորաստեղծ կոոպերատիվի հիմնադիր ժողովին:
Այցի ավարտին նախարարը եղել է նաև Տեղ համայնքի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Արարատ Բաբաջանյան» ընկերությունում: Այն հիմնադրվել է 2011թ-ին, հիմնական արտադրատեսակը Չանախ տեսակի պանիրն է, որն իրացվում է ներքին շուկայում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունը կներառվի տեղի կոոպերատիվի կազմում, և «CARMAC 2» ծրագրով կտրամադրվեն նոր սարքավորումներ, ինչը կլուծի համայնքի կաթի իրացման խնդիրը և հնարավորություն կտա ընդլայնել արտադրվող պանրի տեսականին:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
14:07 26-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ
2803 դիտում
20:48 06-11-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ
Այս բաժնից
718 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին