211652_close_icon
views-count3850 դիտում article-date 10:30 16-03-2016

Ի պատիվ պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Նախագահի` Կիպրոսի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընթրիք

Ի պատիվ պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսի անունից մարտի 15-ի երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով : Նրանք անդրադարձել են դարավոր բարեկամությամբ և նույնակունք արժեհամակարգով միմյանց հետ սերտորեն կապված հայ և կիպրացի ժողովուրդների միջև հարաբերությունների առավել խորացման, միջպետական կապերի ամրապնդման երկկողմ հանձնառություններին, ինչպես նաև այդ տեսանկյունից ՀՀ Նախագահի այցից ակնկալիքներին: «Մեր ժողովուրդների պատմությունները հաճախ նույնական են եղել և ընդհանուր: Եթե հալածվել ենք, հալածվել ենք նույնանուն արժեհամակարգի համար, որի հիմնադիրն ու կրողն ենք եղել: Եթե պայքարել ենք, պայքարել ենք համատեղ՝ ապավինելով մեր արժեքներին ու մտածողությանը: Եվ այսօր էլ, հավատարիմ մեր որդեգրած սկզբունքներին, անսասան մեր համոզմունքներում, նեցուկ ենք միմյանց մեր արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելիս: Դրա վառ ապացույցն այն է, որ անցյալ տարի ապրիլին պարոն Անաստասիադիսն անձամբ էր ժամանել Երևան՝ հայտարարելու, որ հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ և որ` «բնականաբար, Կիպրոսը և Հայաստանը միասնաբար են պայքարում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացրած հանցագործների դեմ»: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայ և կիպրացի ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու կապերը ոգեշնչման աղբյուր են մեր միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր քաղաքական երկխոսությունը, հատկապես վերջին տարիներին, կայուն զարգացում է ապրում: Դրա վառ ապացույցն են Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների, արտգործնախարարների փոխայցերն ու հանդիպումները, շփումները խորհրդարանական մակարդակով: Առկա են բազմաթիվ մշակութային, կրթական առնչություններ: Նշված բոլոր ոլորտների բնականոն գործունեությունն ապահովում է երկկողմ իրավապայմանագրային դաշտը: Առանձնացնեմ մեր երկկողմ ռազմական համագործակցությունը, որ տարեցտարի ավելի է ամրապնդվում: Հայաստանն ու Կիպրոսն օրինակելի համագործակցություն են իրականացնում նաև միջազգային, եվրոպական ձևաչափերում: Եվ այն, որ մեր երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մենք հիմնվում ենք միջազգային իրավունքի տարբեր սկզբունքների վրա, բայց միաժամանակ շարունակում ենք սերտ գործակցել և անկողմնակալ դիրքերից հանդես գալ բազմակողմ հարթակներում, ևս մեկ անգամ փաստում է, որ մեր հարաբերությունները վեր են ցանկացած տեսակի քաղաքական շահերից՝ ամրագրված անցյալի բարեկամությամբ, ներկա եղբայրությամբ և ապագա սերտ համագործակցությամբ: Հարգելի՛ ներկաներ, Ասածիս համար պետք չեն ապացույցներ, մեր ողջ պատմությունն է փաստում այդ մասին. ինչի՞ մասին են խոսում Կիպրոսի Թագավորության և Կիլիկյան Հայաստանի միջև ստեղծված քաղաքական և տնտեսական հարաբերությունները, կղզին օտար նվաճողներից պաշտպանելու համար ուս ուսի մղած համատեղ պայքարը, եթե ոչ մեր անցյալի բարեկամության: Ինչի՞ մասին է խոսում Կիպրոսի բարձր ղեկավարության ներկայությունը Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եթե ոչ ներկա եղբայրության: Ինչի՞ն է միտված իմ այս այցը, ստորագրվող փաստաթղթերը, ընդլայնվող համագործակցության օրակարգը, եթե ոչ ապագա սերտ համագործակցության: Առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ ի փառս մեր դարավոր բարեկամության, ի փառս հայ և կիպրացի ժողովուրդների և ի փառս այն ընդհանուր արժեքային համակարգի, որ անսասան է դարձնում մեր եղբայրությունը»,- ասել է Հայաստանի Նախագահը: Կիպրոսի Նախագահը ևս իր բաժակաճառում խոսել է երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և այդ բարեկամությունն առավել ամուր դարձնող Կիպրոսի հայ համայնքի մասին, որի տաղանդաշատ ներկայացուցիչները, Նախագահ Անաստասիադիսի խոսքով, հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից և հաստատվելով Կիպրոսում, տարիներ ի վեր իրենց աշխատասիրությամբ, ստեղծագործ ուժով մեծ նպաստ են բերում Կիպրոսի տնտեսության և այլ ոլորտների զարգացմանը` լինելով գիտնականներ, գործարարներ և ամենատարբեր բնագավառների որակյալ մասնագետներ:

Նմանատիպ նյութեր