Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետի, պաշտոնական ընթրիք է տրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, ի պատիվ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, այսօր՝ սեպտեմբերի 10-ին երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Պաշտոնական ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում, ծանոթացել են հայկական «Արարատ» կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին: Վարչապետներին նաև ներկայացվել է «Խաղաղության տակառը», որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թվականի կոնյակի սպիրտ. այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն իրենց ստորագրությունն են թողել գործարանի հուշագրքում և մասնակցել անվանական տակառների հիմնադրման արարողությանը, որոնք հնեցման են դրվել ի պատիվ Հայաստանի և Վրաստանի վարչապետների այցի: