Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Բեռլինում կայացած Ֆրանկոֆոնիայի փառատոնին
Մարտի 12-ին Գերմանիայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ մասնակցեց Բեռլինում կազմակերպվող «Fete de la Francophonie» խորագրով ամենամյա փառատոնին, որին հրավիրվում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դեսպանությունները:
Հայաստանի դեսպանությունը հանդես եկավ առանձին տաղավարով, որում ներկայացված էին հայկական ավանդական ուտեստներ, քաղցրավենիք և հայկական արտադրության հյութեր: Տաղավարի բազմաթիվ այցելուներին առաջարկվեցին նաև Հայաստանի զբոսաշրջությանն ու տնտեսությանը վերաբերող տեղեկատվական նյութեր և հուշանվերներ:
Միջոցառմանը նախորդած դեսպանների ճաշին Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էտյենը շնորհակալություն հայտնեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին միջոցառմանը մասնակցելու և աջակցություն ցուցաբերելու համար:
Դեսպանությունը մասնակցեց նաև փառատոնի շրջանակներում կազմակերպված մանկահասակ այցելուների համար ծրագրին, որի ընթացքում մանուկների համար ֆրանսերեն լեզվով ընթերցվեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթները: