1863 դիտում
09:08 15-03-2016
Լարսի անցակետում ԵՏՄ-ի համար առանձին անցակետ կլինի. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարի ամռանը հայ բեռնափոխադրողները բավականին երկար ժամանակ էին կորցնում Լարսի անցակետում, որտեղ վրացական, թուրքական և այլ փոխադրողների հերթեր էին գոյանում: Լուծում գտնելու հույսով ՀՀ կառավարությունը դիմեց ԵՏՄ-ին՝ անդամ երկրների համար առանձին ռեժիմ գործարկելու առաջարկով: Դրանից հետո որևէ արձագանք կամ պատասխան չի եղել, ՀՀ կառավարության անդամներն էլ այդ մասին չեն խոսել:
168.am-ը ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են բանակցությունները, որևէ լուծում հնարավո՞ր է: Փոխնախարարը նշեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են:
«Մենք համատարած լուծումներ ենք քննարկել ռուս գործընկերների հետ, որ ինչքան հնարավոր լինի՝ ճանապարհի լայնացում լինի: Նախարարը բեռնափոխադրողների հետ քննարկել է, այն կողմից էլ լիարժեք պատկերացումը և ընդառաջ գնալու, խնդիրները լուծելու պատրաստակամությունը կա: Ոչ միայն առանձին անցակետ կլինի, մենք ուզում ենք լուծումներն այնպես տրվեն, որ այնտեղ առաջացող հիմնական խնդիրները լուծվեն»,- ասաց Ա.Առաքելյանը:
Ըստ նրա՝ այդ տարածքում երկու սարի արանքում սեղմված ճանապարհ է, և մեքենաների հերթերն ավելի շատ գոյանում են՝ կլիմայից ելնելով, նաև գետն աշնանն ու գարնանը վարարում է, դա էլ է խնդիր ճանապարհի լայնացման համար. «Տեղում մի քանի անգամ եղել ենք և գործընկերների հետ լուծումներ ենք առաջարկել: Դա ոչ միայն հայկական, այլև ԵՏՄ բոլոր փոխադրողների համար առավելություն կլինի: Այժմ նախագծային աշխատանքներ են իրականացվում, բայց քանի որ իրենց տարածքն է, մենք չենք կարող ակտիվ ներգրավվել: Դրանց ավարտից հետո պարզ կլինեն ժամկետները»:
Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ճանապարհը լայնացնելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, տեխնիկապես բարդ ու վտանգավոր է, պայթեցումների խնդիր կա: Ներդրումների արդարացվածությունը, ըստ նրա, կապված է փոխադրվող բեռների ծավալների հետ. «Ես կարծում եմ, որ իրենք պետք է զգան, որ Հայաստանն այդքան բեռնափոխադրումների ծավալներ ունի: Ձմռան պատճառով ճանապարհները հաճախակի փակվում էին, գարնան հետ կապված մեր արտահանումներն ակտիվանում են և ծավալները կմեծանան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1437 դիտում
10:01 01-11-2014
Ինչպիսի՞ն կլինի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի քվեարկության պատկերը. 168 ժամ
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»