211652_close_icon

Իսրայելից ժամանած մասնագետները Երևանում կանցկացնեն «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց

views-count2330 դիտում article-date 13:43 14-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած իսրայելցի մասնագետների պատվիրակությանը, որի կազմում էին Իսրայելի գյուղատնտեսության և գյուղի նախարարության ներդրումների ֆինանսավորման վարչության որակի կառավարման և տնտեսական հարցերով տնօրեն Եֆրաթ Հադասը և «ԲԻՆԱ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յոավ Գալը: Պատվիրակությունը Երևանում մարտի 14-19-ը կանցկացնի «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ու «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի համատեղ իրականացվող «Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության ռազմավարություն և գործողությունների ծրագրի» շրջանակում: «Իսրայելի հարուստ փորձը գյուղատնտեսության ոլորտի զարգացման բնագավառում, որը հիմնված է գիտական վերջին նորարարությունների վրա, չափազանց կարևոր է մեր երկրի համար: Համոզված եմ, որ այս դասընթացը շատ հետաքրքիր և օգտակար կլինի բոլոր մասնակիցների համար», - ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Բարձր գնահատելով հայ-իսրայելական համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս բնագավառում երկու երկրների միջև առկա է չիրացված մեծ ներուժ, որն օգտագործելու դեպքում հնարավոր կդառնա հասնել մեծ արդյունքների: Հանդիպման մասնակիցները նախարարին համառոտ ներկայացրել են դասընթացի հիմնական թեմաներն ու մեթոդաբանությունը և ընդգծել, որ հիմնական շեշտը դրվելու է գյուղատնտեսության քաղաքականությունը ու գործնականում դրա կիրառումը առավելագույնս միմյանց մոտեցնելու սկզբունքի վրա: Վստահություն հայտնելով, որ նման դասախոսությունները շարունակական բնույթ կկրեն և կընդգրկեն շահագրգռված անձանց լայն շրջանակ` նախարարը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել դասընթացի մասնակիցներին: Դասընթացներից բացի ծրագրի շրջանակում նախատեսվում է խորհրդատվություն և աջակցություն տրամադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը քաղաքականության մշակման, արժեշղթաների զարգացման և այլ ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել սեմինարներ ու հանդիպումներ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Նմանատիպ նյութեր