211652_close_icon
views-count852 դիտում article-date 13:32 12-03-2016

Առանց ազգային արժեքների` չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ "Կրթական ծրագրերի կենտրոն" ԾԻԳ-ը` "Կրթության բարելավում" վարկային ծրագրի շրջանակում: Բացման խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտում ցանկացած հետազոտություն պետք է նպաստի համակարգում որակական փոփոխությունների ապահովմանը: "Կրթական համակարգի բարեփոխումները, որոնք սկսվել են անկախության 10-րդ տարվանից և շարունակվում են առ այսօր, երկու կարևոր նպատակի են միտված՝ որակի և համապատասխանության ապահովմանը: Սա նշանակում է նախ, որ մեր կրթական համակարգն իր ձևով պետք է համապատասխանի եվրոպական և առաջադեմ միջազգային կրթական չափանիշներին՝ ընդունելի և ընթեռնելի լինի միջազգային կրթական ընդհանուր համակարգի մեջ: Երկրորդ, որն առավել կարևոր բաղաղրիչ է, կրթության որակի խնդիրն է: Այսինքն, եթե մենք ձևը ներմուծում ենք՝ դրա մեջ չդնելով որակ, մեր աշխատանքը կորցնում է իր հիմնական նպատակը: Որակի և համապատասխանության հավասարակշռության խնդիրը մեր հիմնական ուղենիշն է լինելու: Այն փուլում, երբ մենք ներմուծում էինք համակարգեր, որոնք նորամուծություն էին մեզ համար՝ սկսած դասագրքերից, տեխնիկական ապահովման բաղադրիչներից և կրթական չափորոշիչներից, ձևը դարձավ գերակա: Մենք Հայաստանի Հանրապետությունում չունեին համապատասխան փորձ, անկախ պետության կրթական կարիքներին բնորոշ օրենսդրություն, որը փորձեցինք ստանալ խորհրդային և միջազգային օրենսդրության միախառնմամբ, սրան գումարած նաև վատ էր դպրոցների տեխնիկական վիճակը, քիչ էր ֆինանսավորումը: Այս տարիների ընթացքում փորձել ենք այս հարցերին լուծում գտնել, բայց նաև նշված գործոններով պայմանավորված՝ սկզբնական փուլում մենք ունեցանք բովանդակային կորուստներ: Բայց հիմա մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ բարեփոխումների կառուցվածքը՝ հիմնական կմախքը, արդեն կա, ու եթե չկարողանաք դրա մեջ լուրջ բովանդակություն դնել, մենք կարող ենք կորցնել կրթական ազգային համակարգը",-իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ կրթական բարեփոխումների ու որակի խնդիրը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ: "Կրթական ընդհանուր շղթայի մեջ երկու կարևոր օղակ այսօր չի կարողանում ինքնահաստատվել և կյանք մտնել՝ դրանցից առաջինը հանրակրթության ոլորտում ավագ դպրոցն է և բարձրագույն կրթության ոլորտում՝ մագիստրատուրան",-ընդգծել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ ավագ դպրոցներն իրենց բովանդակությամբ պետք է դառնային գերազանցության կենտրոններ, որտեղ աշակերտը կստանար նախամասնագիտական հստակ կողմնորոշում. գաղափար, որն այսօր առաջարկվում է Արարատյան բակալավրիատի ծրագրով: "Գերազանցության գաղափարը, որը դրված էր ավագ դպրոցի ստեղծման հիմքում, չի իրագործվել և այն բերել է կրթական համակարգի ընդհանուր շղթայի խաթարման, որից և այսօր առկա է հանրային դժգոհություն: Երկրորդ կարևոր բացթողումը կրթական ընդհանուր շղթայում մագիստրատուրան է: Մենք խնդիր ունենք մագիստրոսական կրթության տեղը հստակեցնել նախ աշխատաշուկայում, ապա նաև կրթական բովանդակության տեսանկյունից",-նշել է նախարարը և հավելել, որ կատարված հետազոտական աշխատանքն անպայման պետք է նպաստի կրթական ընդհանուր շղթայի ներդաշնակ աշխատանքին: Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ ավագ դպրոցի բարեփոխումն այն անկյունաքարն է, որը կարող է կարգավորել կրթության ամբողջական շղթան և ուրվագծել կրթական համակարգի հեռանկարը. "Առանց տեսլականի` կրթական համակարգ չի լինում: Չկա որպես այդպիսին միջազգային կրթական համակարգի չափանիշ: Կրթական համակարգը միջազգային է դառնում իր ստեղծած արժեքներով. առանց ազգային արժեքների մենք չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ",-իր խոսքն ամփոփել է Լ. Մկրտչյանը: Նախարարն արդյունավետ աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնել, որ կծավալվի մասնագիտական ազնիվ բանավեճ: Նշենք, որ ԿԳՆ "Կրթական ծրագրերի կենտրոն" ԾԻԳ-ի` "Կրթության բարելավում" վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի աշխատանքը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր