211652_close_icon

Զոհված զինծառայողների մայրերը սահմռկեցուցիչ մանրամասներ են պատմում

views-count5214 դիտում article-date 13:44 09-03-2016
Զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանը մահանալուց 4 օր առաջ զանգահարել է իրեն ու պատմել, որ ականատես է եղել վառելիքի գողության, ինչից հետո վերջինիս գումար են առաջարկել, ապա կեղծ ցուցմունք տվել, թե որդին տանից թմրանյութ է խնդրել: «Տղես զանգել ա, ասել, որ մամա, վառելանյութի գողության եմ ականատես եղել, ասեց, որ ինձ գումար են առաջարկել3000 դրամ, բայց չեմ համաձայնել: Ասեցի, վա՜յ, Վալեր ջան, գործ չունենաս դրանց հետ: Զանգից չորս օր հետո իմ տղային սպանեցին: Վարկածներ կան, որ իբր թե իմ տղան տանից պլան ա ուզել: Մենք Հոկտեմբերյան ենք ապրում: Հումորային հաղորդումներ կան, թե Հոկտեմբերյանը պլանի քաղաք է: Երևի դա նկատի ունեն: Բայց չգիտեմ՝ որտեղից է այս վարկածը»,- «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դատական գործերի ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց երիտասարդի մայրը` Նանա Մուրադյանը` նշելով, որ որդու սիրտը սովարական ծխախոտից անգամ խառնում էր: Հիշեցնենք, որ 2010թ. մարտի 15-ին, ժամը 00:35-ի սահմաններում զորամասի վերանորոգման վաշտի սպայական սենյակի հետնամասում պարանի միջոցով` երկաթե ձողից կախված վիճակում, հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերիկ Մուրադյանի դիակը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Քննչական ծառայության բաժնում ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նախաքննության մարմնի կողմից կայացվել է որոշում` քրեական գործի նախաքննությունը կասեցնելու մասին: Նանա Մուրադյանը վստահ է՝ որդու սպանության գործը կարճել են միտումնավոր: «Գործի կասեցման մասին ես տեղեկացել եմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի կողմից հավաքած տեղեկանքներից բացեցի ու տեսա, որ մեղադրյալ անձի անհայտ լինելու պատճառով քրեական գործը կասեցնում ենք, բայց ես տեղյակ չեմ, ոչ մի ծանուցում չեմ ստացել, շոկի մեջ ընկա, ստրես տարա, բողոք ներկայացրեցինք, որ ծնողին պատշաճ չեն ծանուցել»,-պատմեց տիկին Նանան: Նա մեջբերեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` Հ1-ի եթերում արված այն հայտարարությունը, որ զորամասում Վալերիկն ականատես է եղել զորամասում բազմաթիվ չարաշահումներին: «Ինքնասպանության դրդում են դրել հոդվածը, բայց հենց առաջին պահից, երբ տեսանք տղայիս, տեսանք, որ պարանոցի վրա պարանի հետք կար: Կախվելու միջոցով էր ինքնասպան եղել: Բայց բազմաթիվ հետքեր էլ կային, որը մենք տեսել ենք: Որևէ պատշաճ բացատրություն չստացանք, թե որտեղից են առաջացել այդ հետքերը: Դատաբժիշկն էլ ասում էր, որ խորը ակոսին զուգահեռ կա մուգ կարմիր ժապավենաձև հետք, բայց բացատրություն չեն տվել՝ ինչից է այն առաջացել: Ոչ մի քայլ առաջ չի գնացել»,- մանրամասնեց տիկին Մուրադյանը: Ըստ Վ. Մուրադյանի մոր` իր տղային նախ խեղդել են, այնուհետև նշված վայրում կախել: Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանի մայրն էլ պատմեց, որ տղան ծառայել է Հադրութի զորամասում` սպանվել է 1,7 ամիս ծառայելուց հետո: 2010 թվականի դելտեմբերի 17-ին զանգահարել են տուն և տեղեկացրել, որ «ձեր տղային կոայով բերել ենք» Մուրացանի հոսպիտալ: «Իմ տղային, այսինքն` արդեն մահացած էին բերել: Մենք, որ գնացինք հիվանդանոց, տղայիս բիբերն արդեն չորացած էին, բերանը` կապտած, Մուրացանի բժիշկն ասաց, որ մեկ վայրկյան ժամանակ կա, որպեսզի վիրահատեն, բայց իրեն առավոտյան 12-ից էին բերել, մինչև հինգը պահել էին հոսպիտալում: Իբրև թե իմ տղային ուղեղի ծալքերի մեջ 4/4-ի վրա ծալքեր էին հայտնաբերել: Վիրահատությունն արեցին, բայց տղաս մահացած էր»,-զոհված զինծառայողի մայրը պատմեց, որ իրենց խորհուրդ են տվել երեխային կնքել ու երբ հոգևորականը փորձել է Արթուրի բերանում նշխարք դնել, տեսել են, որ նրա բերանն ամբողջությամբ սոսնձով պատված էր: Այս գործը ևս կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Նմանատիպ նյութեր