1427 դիտում
15:39 08-03-2016
Հայ կանայք հավասարակշռություն են ապահովում թե՛ ընտանեկան, թե՛ պետական ու քաղաքական միջավայրում. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի' կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:
Դուք մարմնավորում եք իրական հույսը, հավատն ու սերը` գեղեցկության ու բարության հետ այդ ամենն ամբողջացնելով մեր ընտանիքներում եւ շրջապատում: Այս տոնը ոչ թե հիշեցնում է ձեր մասին, այլ` եւս մեկ անգամ ընդգծում ձեզ որպես կին, մայր, որպես քույր ու դուստր, ընդգծում ձեր ներկայությունն ու մասնակցությունը ոչ միայն մարդկանց անձնական, այլ պետության ու հասարակության կյանքում ընդհանրապես: Այդ մասին մշտապես արձանագրում է պատմությունն իր ամփոփագրերում, եւ ժամանակն` իր անընդհատ շարունակականության մեջ:
Սիրելի' կանայք, դուք հավասարակշռություն եք ապահովում թե՛ ընտանեկան, թե՛ պետական ու քաղաքական միջավայրում, միեւնույն ժամանակ, ճիշտ պահին անհրաժեշտ անհավասարակշռություն ստեղծելով հօգուտ դրականի, բարու, հօգուտ այն ամենի, ինչը գեղեցկացնում է աշխարհը` հաճախ այդ կերպ փրկելով այն: Կարողանալով արարել ու ստեղծել` դուք նաեւ կարողանում եք պահպանել ու պաշտպանել այդ ստեղծածը` յուրովի նպաստելով մեր մշակութային, քաղաքական ու տնտեսական ներուժի ավելացմանը: Դուք այդպես վարվել եք մշտապես` թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակներում, թե՛ պետականության գոյության, թե՛ դրա բացակայության ժամանակ` ընտանիքին վերաբերվելով հայրենիքի հիմնասյան, հայրենիքին`սեփական ընտանիքի նման:
Թեպետ աշխարհաքաղաքական ելեւէջումներն իրենց ազդեցությունն են թողնում նաեւ ներհասարակական փոխհարաբերությունների ու ազգային արժեքների վրա` երբեմն նաեւ իրենց մեջ անհարիր պարտադրանքի տարրեր ներառելով, բայց դուք, սիրելի հայրենակցուհիներ, հավատարիմ եք գեղեցիկի ու սիրո մե'ր արժեհամակարգին, ինչը կենսական է մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար: Իսկ դա բնավ չի խանգարում քայլել ժամանակին համընթաց, հաջողությամբ դրսեւորվել աշխատանքում, արվեստում ու քաղաքականության մեջ` միաժամանակ մնալով ընտանեկան օջախի հավատարիմ պահապանը: Հասկանալով, թե որքան դժվար է դա, պետությունը ձգտում է լինել ձեր աջակիցը, կիսել ձեր ծանրաբեռնվածությունը:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ջերմությամբ ու գեղեցկությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն»:
Նմանատիպ նյութեր
5198 դիտում
00:07 24-11-2020
Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում
16929 դիտում
14:38 24-12-2020
Առողջապահության նախարարությունը կոչ է անում ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը