1122 դիտում
15:21 02-03-2016
Համատիրությունները պետք է հաշվետու լինեն բնակիչներին. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել է վարչության 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև ջրամատակարարման և սանմաքրման ոլորտում արձանագրած ձեռքբերումները, ինչի հետ կապված քաղաքապետն արել է իր դիտարկումները. «Շատ լավ է, որ վերջին տարվա ընթացքում ունենք հստակ ձեռքբերումներ թե՛ ջրամատակարարման բարելավման և թե՛ աղբահանության կազմակերպման ուղղությամբ, բայց դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք այդքանով: Մենք անելիքներ դեռ շատ ունենք, որոնք պետք է հասցնենք ավարտին, քանի որ մեր բնակիչների պահանջներն օրեցօր մեծանում են, ինչն ավելի մեծ աշխատանք և նվիրվածություն է պահանջում»:
2016թ. անելիքների շարքում մատնանշվել է նաև բնակչության հետ մշտական աշխատանք տանելու անհրաժեշտությունը՝ հատկապես չսահմանված վայրում աղբ թափելու, ինչպես նաև քաղաքային գույքը վնասելու արատավոր երևույթների բացառման հարցում:
«Չթույլատրված վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց, և այս ուղղությամբ ակնկալում եմ արմատական տեղաշարժ: Որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի, որ նման քայլ կատարելը հանգեցնում է նաև տուգանքի տեսքով նյութական պատասխանատվության, անհրաժեշտ է կոնկրետ օրինակներով դա ցույց տալ: Աղբարկղեր են գողանում, այրում. ոստիկանության հետ պետք է ավելի սերտ աշխատել և հայտնաբերել ու հասարակությանն ի ցույց դնել նման արարք կատարողներին: Մեկ, երկու ու, վստահ եմ, այլևս չեն համարձակվի նման կերպ վարվել քաղաքի հետ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Իր դժգոհությունը հայտնելով համատիրությունների աշխատանքից` Երևանի քաղաքապեը նաև կարևորել է հանրությանը հատկապես համատիրությունների գործառույթների ու պարտականությունների ճիշտ ներկայացումը:
«Համատիրությունների մասով աշխատանքը համարում եմ խիստ անբավարար: Այս կառույցները ստեղծվել են ոչ միայն բնակչին, այլև մեզ օժանդակելու համար: Բնակիչները բավարար վստահություն չունեն համատիրությունների աշխատանքի նկատմամբ. գիտե՞ք ինչու, որովհետև համատիրության լուծելիք հարցերը հիմնականում չեն լուծվում: Ավելին, դրանք հիմնականում դարձել են միայն տեղեկանք տվող ու քաղաքացու մատից փուշ չհանող կառույց. գումարներ հավաքագրելիս են միայն պահանջատեր, բայց մոռանում են, որ բնակիչն էլ իրենցից ունի պահանջներ ու առաջին հերթին հենց նրանց պետք է հաշվետու լինեն: Համատիրության յուրաքանչյուր աշխատակից պետք է հստակ իմանա իր գործառույթն ու բարեխղճորեն կատարի այն»,- ընդգծել է քաղաքապետն ու նկատել, որ համատիրության արդյունավետ կառավարումը տեղերում շատ հարցեր կլուծի:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1886 դիտում
16:37 04-07-2016
Տարոն Մարգարյան. «Թեքահարթակները ձևական բնույթ չպետք է կրեն, այլ պետք է լինեն կիրառելի»
2695 դիտում
18:22 21-11-2017
Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից»
1356 դիտում
16:59 26-02-2016
Քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին. Տարոն Մարգարյան