211652_close_icon
views-count1889 դիտում article-date 16:37 04-07-2016

Տարոն Մարգարյան. «Թեքահարթակները ձևական բնույթ չպետք է կրեն, այլ պետք է լինեն կիրառելի»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ըստ ժամանակացույցի մայրաքաղաքում շարունակվում է քաղաքաշինական ծրագրերի իրականացումը: Մասնավորապես, թեքահարթակների կառուցման աշխատանքների ընթացքի մասին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից շուրջ 100-ն արդեն իսկ կառուցվել է: Ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարածը տեղում հետևում և գնահատում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դրական գնահատելով ընթացող աշխատանքների նկատմամբ ցուցաբերվող հետևողականությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, նկատել է, որ, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկների կողմից կառուցվող թեքահարթակների դեպքում նկատվում է որոշակի անհետևողականություն: «Հաճախ նկատում ենք, որ տնտեսվարող սուբյեկտներն իրենց կառույցների մուտքերի մոտ թեքահարթակներ կառուցելիս զուտ դրա առկայության պահանջն են փորձում ապահովել, այլ ոչ թե դրա արդյունավետ կիրառումը: Եվ դա, միանշանակ, անընդունելի է: Այս հարցում անհրաժեշտ է խիստ վերահսկողություն իրականացնել և սահմանված չափորոշիչներից թեկուզ աննշան շեղման դեպքում, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ այն արագ շտկելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվություն տրամադրեք և համապատասխան լուծումներ առաջարկեք տնտեսվարողներին, որպեսզի կառուցված թեքահարթակները ձևական բնույթ չկրեն, այլ լինեն կիրառելի մեր այն համաքաղաքացիների համար, ովքեր դրանցից օգտվելու անհրաժեշտությունն ունեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է, ՃՈ հետ համագործակցելով, բացառել նաև փողոցներում կառուցված թեքահարթակների մոտ տրանսպորտային միջոցների կայանումը: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2016 թվականի ծրագրով նախատեսված փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաև փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել և ակտիվացնել մասնավորապես փոսանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները: «Մենք հստակ խնդիր ենք դրել մայրաքաղաքում ամբողջությամբ ավարտել փոսանորոգման աշխատանքները: Ըստ այդմ, վարչական շրջանների ղեկավարների հետ ևս մեկ անգամ շրջեք բոլոր փողոցներում և բակերում ու եղեք հետևողական, որպեսզի լիարժեք ավարտենք այդ աշխատանքները: Համոզվա՛ծ եմ, որ այս հարցում ավելի պահանջկոտ ու սրտացավ լինելու դեպքում առնվազն մեկ տարի անց կարող ենք վստահ հայտարարել, որ Երևանում այլևս փոսեր չկան: Ուստի եղեք հետևողական ու այնպես կազմակերպեք աշխատանքները, որպեսզի ունենանք ցանկալի արդյունքը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում մոտակա օրերին կրկին լայն թափով կշարունակվեն տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Զեկուցվել է, որ ծրագիրն առ ժամանակ դադարեցվել էր՝ շատրվանների խողովակների ներկրման գործընթացով պայմանավորված, ինչն արդեն իսկ ավարտական փուլում է: Հաշվի առնելով աշխատանքների առժամանակ դադարի հետ կապված հանրության շրջանում առաջացած մտահոգությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար իրազեկել ընթացող աշխատանքների մասին և փարատել քաղաքացիների մտահոգությունները:

Նմանատիպ նյութեր