211652_close_icon
views-count1175 դիտում article-date 20:15 25-02-2016

Տարոն Մարգարյան. «Քաղաքացին պետք է տեսնի և զգա, որ մենք իր կողքին ենք»

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների հետ` ամփոփելու վարչության նախորդ տարվա աշխատանքն ու մոտեցումները, ինչպես նաև ծանոթանալու վարչության ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին: Անդրադառնալով քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պետք է բացառվի ոչ իրավաչափ արձանագրությունների կազմումը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները պետք է լինեն հիմնավորված և գրագետ: Սա մասնագիտական պահանջ է, որը իրավաբանական վարչության աշխատակցի ամենաառաջնային պարտականությունն է»,- ընդգծել է քաղաքապետն ու հանձնարարել մշտական հսկողության տակ պահել այս պահանջը: Առանձնակի կարևորելով բնակիչների հետ մշտական կապի ապահովումը՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավելի ճշգրիտ աշխատանք տանել քաղաքապետարան դիմած քաղաքացիների հետ և աջակցել իրավական հարթությունում: Քաղաքապետը կարևորել է նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ մշտական համագործակցված աշխատանքը՝ հատկանշելով փորձի փոխանակումն ու մոտեցումների հստակ ներկայացումը: «Իրավաբանական վարչությունը դեռևս անելիքներ ունի: Հատկապես ֆիզիկական անձանց հետ կապված դեպքերում հանգամանորեն ուսումնասիրե՛ք ամեն մի մանրուք: Մենք չպետք է անհարկի ավելացնենք մեր համաքաղաքացիների բեռը: Քաղաքացին պետք է տեսնի և զգա, որ մենք իր կողքին ենք»,-ասել է քաղաքապետը: Գոհունակություն հայտնելով 2015թ. ընթացքում վարչության կատարած աշխատանքներից` քաղաքապետը, այնուամենայնիվ, հորդորել է վարչությանն ավելի պատասխանատու և բծախնդիր լինել այլ կառույցների հետ աշխատանքներում, իրավական հարցերում և վարույթներում: Նա նաև անդրադարձել է վարչական արձանագրությունների ու վարույթների գործընթացներին:

Նմանատիպ նյութեր