211652_close_icon
views-count1648 դիտում article-date 21:13 04-09-2015

Գյուղացին պետք է զգա, որ կառավարությունն իր կողքին կանգնած է. Արայիկ Հարությունյան

Սեպտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գարնանացան մշակաբույսերի բերքահավաքին, աշնանացանի նախապատրաստությանը և անասնապահական որոշ խնդիրների: Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղնախարար Արամ Մխոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու հողագործության բաժինների և մեքենատրակտորային կայանների պատասխանատուները: Հանրապետությունում արդեն սկսված գարնանացան մշակաբույսերի բերքահավաքը գյուղնախարար Ա. Մխոյանը գնահատել է բավարար: Նրա խոսքով՝ որոշ ցանքատարածություններում սակավաջրության պատճառով կորուստներ կան, սակայն ընդհանուր բերքահավաքն ընթանում է բնականոն: Բանջարաբոստանային մշակաբույսերի բերքատվությունը, ըստ գյուղնախարարի, անցած տարվա ցուցանիշից բարձր է ակնկալվում: Վարչապետը հանձնարարել է հետաքրքրվել, թե ինչքան է հանրապետությունում բանջարեղեն մթերող կազմակերպությունների պահանջարկը և ներմուծված մթերքի քանակը՝ անհրաժեշտության դեպքում բերքի իրացման գործում արտադրողներին աջակցելու համար: Անդրադառնալով հանրապետությունում առկա անասնապահական խնդիրներին` գյուղնախարարը նշել է, որ անասունների հիվանդացման միտումը, կանխարգելիչ միջոցառումներն իրականացնելուց հետո, նվազել է. ընդհանուր առմամբ, 1700 գլուխ անասուն է հիվանդացել, որից 1000-ն արդեն բուժվել է, իսկ կորստի դեպքերը 20 է: Վարչապետը հանձնարարել է հետևողական լինել անհրաժեշտ միջոցառումները ժամանակին կատարելու և հիվանդության տարածումը կանխելու հարցում: Խորհրդակցությանը քննարկվել է նաև աշնանացանի նախապատրաստության հարցը: Վարչապետը հանձնարարել է, որ շրջաններից «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամ հայտերը ներկայացվեն ժամանակին` հողօգտագործողներին պետական աջակցությունն արդյունավետ կազմակերպելու համար: «Նախորդ տարվա նմանությամբ՝ այս տարի ևս բազմակողմանի աջակցություն ենք ցուցաբերելու հողամշակներին, որը կընդգրկի դիզվառելիքի, պարարտանյութերի, սերմացուների գների սուբսիդավորում, ինչպես նաև մեքենատրակտորային մատչելի ծառայություններ: Գյուղացին պետք է զգա, որ կառավարությունն իր կողքին կանգնած է: Հանձնարարում եմ չհապաղել գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցում և ժամանակին ներկայացնել համապատասխան հայտերը»,- նշել է Ա. Հարությունյանը: Քննարկվել է նաև հրդեհված ցանքատարածությունների առանձին սեփականատերերին աջակցելու հարցը, որի մասով համապատասխան որոշումներ կկայացվեն

Նմանատիպ նյութեր