1537 դիտում
17:34 25-02-2016
Ցեղասպանությունների դատապարտումը կցրի խավարը. Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Բեռլինի համալսարանում
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան՝ մասնակցելու «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով.
«Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը համարվում է 20-րդի մեծագույն աղետներից մեկը, որը խլել է հարյուր հազարավոր անմեղ հույների կյանք: Անշուշտ, ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ ե՛ւ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ե՛ւ որպես երկու ազգերի ժառանգ, ում նախնիները ցեղասպանություն են վերապրել:
Նախքան բուն զարգացումներին անդրադառնալը, կցանկանայի վեր հանել այս սարսափելի ողբերգության արմատները: Ես կպնդեի, որ այս հանցագործությունը միայն Առաջին աշխարհամարտի հետեւանքով առաջացած եւ դրանով սահմանափակվող քաոսային երեւույթ չէր: Այն սկիզբ է առնում 19-րդ դարում սուլթան Աբդուլ Համիդի օրոք տեղի ունեցած քրիստոնյաների ջարդերից՝ շարունակվելով մինչեւ 20-րդ դար, երբ Ադանա քաղաքում 1909 թվականին կոտորվեց 30 հազար հայ:
Ավելին՝ 1911 թվականի Սալոնիկի համագումարի ժամանակ Երիտթուրքերի կողմից որոշում կայացվեց, համաձայն որի կայսրության քրիստոնյա ժողովուրդները, որոնք համարվեցին «երկրի առաջընթացը խոչընդոտող անվստահելի տարր», դատապարտվեցին ոչնչացման եւ ձուլման: Վերոնշյալը ցույց է տալիս, որ դեռ մինչեւ Առաջին աշխարհամարտը թուրքերը որդեգրել էին ցեղասպան քաղաքականություն՝ նպատակ ունենալով բռնի կերպով ձուլել կայսրությունում բնակվող ողջ քրիստոնյա բնակչությանը:
Քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ճնշումները սկսվեցին 1913-1914 թվականներին Փոքր Ասիայի արեւմտյան ափին բնակվող հունական եւ հայկական բնակչության բռնագաղթով եւ նրանց հանդեպ վայրագություններով: Դրանք վերահսկվում եւ ղեկավարվում էին ներքին գործերի նախարար Թալեաթի եւ դոկտոր Նազըմ Բեյի՝ երիտթուրքական կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկի կողմից:
1915 թվականի հոկտեմբերին Օսմանյան կառավարության Ռազմական նախարար Էնվեր փաշան գերմանացի ռազմական կցորդի ներկայությամբ հայտարարեց. «Մենք կլուծենք հույների հարցն այնպես, ինչպես լուծեցինք հայերինը»:
Հայերի ցեղասպանությունը դատապարտվեց դեռեւս 1915 թվականին միջազգային հանրության կողմից: Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որակվեց որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Նույն ճակատագիրն էր սպասում նաեւ հույներին եւ ասորիներին:
Հարկ է հիշատակել, որ չնայած Առաջին աշխարհամարտի ավարտին` քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ դաժանությունները շարունակվեցին: 1919-1922 թվականներին Պոնտոսի հույները մեծապես տառապում էին Քեմալական Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունից:
1921 թվականին “The New York Times” թերթը մասնավորապես գրում էր, որ մոտավորապես 700 հազար հույն կոտորվել, արտաքսվել կամ մահացել է սովից հույն-թուրքական պատերազմն սկսվելուց ի վեր: Հույների հանդեպ բռնության այս նոր ալիքը հասավ իր գագաթնակետին 1922 թվականի սեպտեմբերին, երբ Մուստաֆա Քեմալի զորքերը ներխուժեցին Զմյուռնիա: Քաղաքը հրո ճարակի վերածվեց, հունական եւ հայկական թաղամասերն ամբողջությամբ ոչնչացվեցին: Այս ողբերգությունը խլեց ոչ միայն 170-250 հազար հայի եւ հույնի կյանք, այլեւ ոչնչացրեց նրանց պատմամշակութային հուշարձանները:
Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի վայրագությունները հետեւյալ կերպ բնութագրեց. «Քեմալը քաղաքը մոխրի վերածեց եւ ամբողջությամբ ոչնչացրեց քրիստոնյա բնակչությանը»: Զմյուռնիայի իրադարձություններին անդրադարձավ նաեւ Էռնեստ Հեմինգուեյն իր պատմվածքներից մեկում:
Այս հանցագործությունը ճանաչվեց ժամանակի բազմաթիվ ականավոր գործիչների կողմից:
Հետագայում քչերը, սակայն, բարձրաձայնեցին անմեղ քրիստոնյաների հանդեպ Օսմանյան կայսրության գործողությունները դատապարտելու կարեւորության մասին: Նրանց թվում է Հայաստանի Հանրապետությունը:
Ես հպարտությամբ եմ նշում, որ անցյալ տարվա մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:
Հուսով եմ, որ այլ երկրներ կհետեւեն մեր օրինակին եւ կդատապարտեն այդ սարսափելի հանցագործությունը: Ցավոք, Թուրքիան առայսօր շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Մեր օրերում Մերձավոր Արեւելքը կանգնած է նույն սպառնալիքների առջեւ, որոնց առջեւ մեկ հարյուրամյակ առաջ կանգնեցին հայերը, հույները եւ ասորիները: Այժմ էլ Թալեաթի եւ Քեմալի հետնորդներն իրականացնում են մեկ այլ ցեղասպանություն Օսմանյան կայսրության երբեմնի տարածքներից ոչ շատ հեռու: Մենք ականատեսն ենք մեկ այլ ցեղասպանության, քանի որ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը շարունակում է մնալ չճանաչված: Իմ դիտարկմամբ ժխտողականությունը հավասարազոր է հանցագործության իրականացմանը: Նույնը վերաբերում է նաեւ լռությանը:
Հետեւաբար, ես կոչ եմ անում միավորվել հանուն ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման եւ թուրքական ժխտողականության դեմ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից: Կարծում եմ՝ սա միակ ուղին է բացառելու մարդկության պատմության այս ամոթալի եւ սարսափելի էջի կրկնությունը:
Ինչպես ասում էր Անատոլ Ֆրանսը, մեծ նվաճումների հասնելու համար մենք պետք է ոչ միայն գործենք, այլեւ երազենք, ոչ միայն ծրագրենք, այլեւ հավատանք: Եվ ես այսօր մի երազանք ունեմ: Ես երազում եմ այն մասին, որ Ցեղասպանության ժխտումը շուտով ավարտվի, քանի որ միայն դրանից հետո վերջ կդրվի ցեղասպանություններին:
Կարծում եմ, որ Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումը, դրանց ճանաչումը եւ դատապարտումը լույս կսփռի եւ կցրի խավարը: Ես հավատում եմ լույսի հաղթանակին, հուսով եմ՝ նաեւ դուք:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
14:52 24-02-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Բեռլինի համալսարանում
Այս բաժնից
850 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
862 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
343 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը