211652_close_icon
views-count8755 դիտում article-date 23:39 24-02-2016

Շիրակում ավարտվեց գեներալների կառավարման ժամանակաշրջանը. ԱԱԾ գեներալին փոխարինեցին ֆինանսիստով. Aravot.am

Քիչ առաջ պաշտոնապես հայտնի դարձավ Շիրակի նոր մարզպետի անունը. ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման արդյունքում մարզն անցավ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի կառավարմանը: Այսօրվանից Շիրակում ավարտվեց այսպես ասած գեներալների կառավարման ժամանակաշրջանը. հիշեցնենք, որ արդեն վեց տարի է՝ այս մարզը կառավարում էին ուժային համակարգի գեներալներ՝ նախկին ոստիկանապետ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, այնուհետ ԱԱԾ-ի գեներալ Ֆելիքս Ցոլակյանը: Թե ինչպիսի մարզպետ կլինի դաշնակցական, մարզի երբեմնի գլխավոր ֆինանսիստ Հովսեփ Սիմոնյանը, այս պահին դժվար է ենթադրություններ անել. միայն ակնհայտ է, որ նա քաջածանոթ է բոլոր համայնքապետերին, քանի որ տարիներ շարունակ նրանց հետ շփումներ է ունեցել, բյուջեն թերակատարելիս քննադատել ու նկատողություններ է հնչեցրել, կամ էլ ընդհակառակը 100 տոկոսով կատարելիս՝ գովաբանել է նրանց: Կհաջողվի՞ Հովսեփ Սիմոնյանին իրեն նախորդող գեներալների պես մեկ զանգով մայրաքաղաքում հարցեր լուծել ի օգուտ մարզի, ցույց կտա ժամանակը, սա էլ կդառնա նրա աշխատանքի գնահատականներից մեկը: Նշենք, որ Շիրակի մարզի գյուղապետերը չէին ուզում Ֆելիքս Ցոլակյանի պաշոնաթող լինելը հենց այդ պատճառով, որ վերջինս ի զորու էր հեռախոսով հարցեր լուծել: Ինչեւէ, կարծում ենք տխուր օրեր են սպասվում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, քանի որ Հովսեփ Սիմոնյանը 2012 թվականի ՏԻՄ ընտրություններում նրա գլխավոր մրցակիցն էր, իսկ Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբը պարոն Սիմոնյանին հաճախակի էր հիշեցնում նրա գյումրեցի չլինելը: Հիշեցման կարգով մեջբերենք մի հատված Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի ղեկավարի, այժմյան փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի՝ 2012 թվականի ՏԻՄ ընտրությունից հետո Aravot.am-ին տված հարցազրույցից, որով, ըստ էության, պատասխանում էր Հովսեփ Սիմոնյանին: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/02/24/660977/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր