Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը` հոգևոր և մարմնական պահեցողության 40-օրյա շրջանը
Փետրվարի 8-ին սկսվում է Մեծ Պահքի 40-օրյա շրջանը. Ս. Հարության տոնը կնշվի մարտի 27-ին:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը:
Մեծի կամ Քառասնորդական պահքն իր լիարժեքությունը գտնում է և՛ հոգևոր, և՛ մարմնավոր պահեցողությամբ: Հոգևոր պահքի սպառիչ ձևակերպումն է՝ հեռու մնալ մեղքերից. խոստովանել և քավություն խնդրել Աստծուց, հեռու մնալ հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից. խոսքերից ու գործերից:
Պահքը նաև կամավոր ինքնազրկում ու զսպվածությունն է սննդի նկատմամբ. հրաժարում՝ կենդանական ծագում ունեցող սննդից ու ալկոհոլից: Հիմնական գաղափարն այն է, որ մարդը հրաժարվի իր մարմինը պարարտացնող ու մեղսալից ցանկություններ բորբոքող կերակուրներից: