211652_close_icon
views-count1404 դիտում article-date 18:56 26-01-2015

Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը

Այս տարի հունվարի 26-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 30-ը ներառյալ: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական և Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով Սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել: Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Աոաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը): Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում են պահել Մեծ Պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ։ Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, որին շաբաթ օրը հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքր հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը): Պահք պահելուց առաջ անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար: Պետք է քաջ գիտենալ, որ պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու մեղքից ազատագրվելու, և մարմինն անհրաժեշտից զրկելով, վարժեցնում են հոգուն` մեղքից հրաժարվելու: Հունվարի 30-ի երեկոյան անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից, հայտնում է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր