ՕԵԿ-ն առաջադրում է Փոստանջյանին, ԲՀԿ-ն` երիտասարդ իրավաբան Մակար Եղիազարյանին
«Օրինաց երկիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջարկելու է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
ՕԵԿ ընտրությունը կատարվել է այն սկզբունքով, որ Զարուհին և՛ քաղաքական գործիչ է, և՛ սկզբունքային է, և՛ գրագետ և՛, վերջապես, կին: Մանավանդ, որ երկրում գենդերային խնդիր կա:
Այսօր հայտնի դարձավ, որ «Բարգավաճն» էլ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջադրելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, երիտասարդ իրավաբան Մակար Եղիազարյանին: Նրան խմբակցության ու կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «նկարագրեց» որպես, փայլուն իրավաբան, պրոֆեսիոնալ երիտասարդի, որը լուրջ փորձառնություն ունի միջազգային կառույցներում:
Իսկ կոնկրետ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը ԲՀԿ-ից չի պաշտպանվում այն պատճառով, որ ըստ Նաիրա Զոհրաբյանի` ՄԻՊ-ը պետք է լինի անաչառ, չունենա սուբյեկտիվ քաղաքական դիրքորոշում, մինչդեռ Զարուհի Փոստանջյանը ոչ միայն ակտիվ քաղաքական գործիչ է, այլև քաղաքականցված անձ: