15916 դիտում
09:57 05-02-2016
«Բիլայնում» աշխատում են բազազ Արտեմի հոգեբանությամբ
Ուրեմն, դեպքը, որ պատմում եմ, հորինովի չէ, ենթադրական իրավիճակի նկարագրություն չէ: Պատահել է, ինչպես ասում են, անձամբ ինձ հետ:
Հասցես` ք. Երեւան, Ավան, Դուրյան 45 շենք, 44 բնակարան: Ոչ բարով Բիլայնի օպտիկամանրաթելային ինտերնետային ծառայության բաժանորդ եմ: Ուրեմն, պայմանագիր կնքել եմ 2015-ի փետրվարի 19-ին: Անհեռատես գտնվելով` պարտավորվել եմ, որ առնվազն 13 ամիս պետք է լինեմ իրենց բաժանորդ: Ի՞նչ իմանայի, որ սրանք «Տերն ու ծառա» ստեղծագործության տիրոջ փիլիսոփայությամբ են առաջնորդվում: Այսինքն` մտածում են ոչ թե ծառայության որակը բարելավելու մասին, ոչ թե բարեխիղճ իրենց աշխատանքը կատարելու մասին, այլ ամեն գնով ձգտում են համը հանել, նյարդայնացնել, իրենց մայրենիով ասած` դավադիտ անել, մինչեւ հրաժարվես իրենց ծառայությունից ու վճարես պայմանագիրը վաղակետ խզելու համար սահմանված աստղաբաշխական գումարներ: 2015-ի մարտի 1-ից անհամբեր սպասում եմ, թե երբ է գալու 2016-ի մարտի 20-ը, որ ես հանգիստ դիմում ներկայացնեմ ու հրաժարվեմ Բիլայնի ծառայություններից:
Ամսական առնվազն 1 անգամ ինտերնետ կապը խափանվում է: Հետո մեծ դժվարությամբ 100 հեռախոսահամարը հավաքելով, համապատասխան հրահանգներին հետեւելով, միանում ենք Բիլայնի տեխնիկական սպասարկման բաժին: Հետո մասնագետի հրահանգներին հետեւելով՝ մի քանի ժամվա ընթացքում, էլ` ինտերնետի անունը, էլ` Wi-Fi նշանաբառը փոխելով, վերականգնում ենք կապը: Հաստատ տասից ավելի անգամ դա պատահել է, եւ ամեն անգամ առնվազն մեկ օր ինտերնետից զրկված ենք եղել` իր բոլոր հետեւանքներով: Հիմա էս անգամ արդեն իսկական փորձության մեջ ենք: 100-ով սրանց մասնագետները մեզ պատասխանում են, թե մոդեմը պետք է տարվի մոտակա սպասարկման բաժին: Վազեցնում եմ, սրանք, թե վերջ` կարգավորեցինք: Տանում եմ տուն` չի աշխատում: Զանգում եմ 100, թե նորից վազիր սպասարկման կենտրոն, վազում եմ, թե` 100 զանգիր` իրենց խնդիրն է:
Հինգշաբթի օրը, ուշ երեկոյան, երբ 100-ի մասնագետներին բացատրեցի, որ ախր ձեր էդ կաբելն ուղղակի էլ միացնում եմ համակարգչին, նոութբուքին, չկա ինտերնետ, մեր տուն չի հասնում, սրանք լավության կարգով ասացին, թե հայտ կներկայացնեն եւ երեք աշխատանքային օրվա ընթացում խնդիրը կկարգավորվի: Ես կասկածում եմ, որ կկարգավորվի, բայց եթե նույնիսկ «խոսքի տերը լինեն», նշանակում է` ինտերնետս կարգավորվելու է չորեքշաբթի ցերեկը` դե արանքը շաբաթ-կիրակի է: Ո՞վ է փոխհատուցելու: Ասում են` հենց աշխատի, մեկ էլ վազի Բիլայնի գրասենյակ, դիմում գրի եւ չաշխատած օրերի վարձը կփոխհատուցենք: Հասկանում եք, չէ՞, քանի անգամ պետք է զանգեմ, գնամ ու գամ, որ փոխհատուցեն: Մի հազար դրամ տրանսպորտի պետք է ծախսեմ, մի հազար դրամի զանգեմ իրենց, որ ասենք` 864 դրամ փոխհատուցեն: Բա նյարդերի ու առողջության համար ո՞վ է փոխհատուցելու, բա ինտերնետ չունենալու պատճառով ձախողած գործերի համար ո՞վ է փոխհատուցելու: Իսկ որ հնարավոր է կապից զրկված լինելու պատճառով չկատարած աշխատանքի համար հիմնարկի տնօրինությունից նկատողություն ստանաս կամ այլ կարգի պատիժ: Իսկ եթե ուսանող երեխադ պետք է այդ գիշերն, ինտերնետից օգտվելով համապատասխան ինֆորմացիա հայթայթեր, որ դրա վերլուծությամբ` կուրսային աշխատանքը պատրաստեր ու հիմա կարող է կուրսայինն ուշացնելու պատճառով համարվել ստուգարքը ժամանակին չստացած եւ ուսուցման անվճար համակարգից տեղափոխվել վճարովի: Այսինքն` ես կարող է ստիպված լինեմ ինտերնետի այդ 3-4, թեկուզ` մեկ օրվա խափանման համար հաջորդ տարի կես միլիոն դրամ ուսման վարձ վճարել: Էդ իրենց 864 դրամ փոխհատուցումն ի՞նչ եմ անում…
Վարդան Վարդանյան
[b]Հ.Գ. – Խնդրանք հայրենի իրավապահներին` եթե շարադրված նյութում կտեսնեք հանցակազմ` հանցավոր անփութություն կամ նման բան, այս հրապարակումը համարեք պաշտոնական հաղորդագրություն եւ համապատասխան կարգով ընթացք տվեք:
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
631 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
538 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին