211652_close_icon
views-count5777 դիտում article-date 16:01 02-02-2016

Արմեն Աշոտյանը բացահայտել է` ում աչքից է կոտրվել իր ոտքը

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվող ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը բացահայտեց, թե ում պատճառով է կոտրել իր ոտքը: Երբ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը առողջություն մաղթեց Աշոտյանին և հույս հայտնեց, որ հաջորդ զեկույցի ժամանակ նա առանց ձեռնափայտի կգա, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղից նետեց`«եթե էլի չջարդի», իսկ Շարմազանովը ասաց` չար աչքն իրեն չի կպնի: Սրանից հետո արդեն ամբիոնին մոտեցած Արմեն Աշոտյանը նայելով Նաիրա Զոհրաբյանի ուղղությամբ` ասաց. «Փաստորեն բացահայտվեց, թե առաջին անգամ իմ ոտքը ում պատճառով է կոտրվել, ես սպասում էի նման վրեժ Ձեր կողմից»: Նշենք, որ սույն նախագծով առաջարկվում է հստակեցնել երկրում գործող նպատակային ընդունելության մեխանիզմներն ըստ այն մասնագիտական աշխարհագրական գերակայությունների, որտեղ կա այդ աշխատուժի կարիքը: Այսինքն, որ պետպատվերի շրջանակներում սովորող երիտասարդները, որոնց համար նպատակային պետպատվեր է իջեցվել, գնան ու աշխատեն սահմանամերձ շրջաններում ու մարզերում, որտեղ կադրերի կարիք կա: ԱԺ-ում նախագիծը որոշ քննադատության արժանացավ, ինչը զայրացրեց Աշոտյանի կուսակից Էդուարդ Շարմազանովին, ով տեղից հայտարարեց. «Շնորհակալություն նախաձեռնության հեղինականերին, որ մենք հայացքով ուղղվում ենք դեպի մարզեր: Ոչ մեկի պորտը չի ընկնի, որ գնան մարզերում աշխատեն: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, միանգամից վատատեսական նոտաներով հանդես չպետք է գալ, որովհետև մենք տեղերում ունենք պրոֆեսիոնալ բժիշկների, մանկավարժների կարիք»: Հարցի քննարկումն ավարտվեց Արմեն Աշոտյանի եզրափակիչ ելույթով, ով կոչ արեց իրեն առաջարկները ներկայացնել ոչ թե բանավոր, այլ գրավոր, որովհետև պատգամավորները Հիսուս Քրիստոսը չեն, Աշոտյանն էլ` Ղուկասը, որ նրանց հետևից ընկնի, առաջարկները գրի առնի:

Նմանատիպ նյութեր