211652_close_icon
views-count16841 դիտում article-date 17:00 29-08-2014

Հայ որոշ օլիգարխների աչքից հեռու՝ լավագույն ավանդույթները Ոստիկանության Զորքերի 1033 զորամասում շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրկին Գիտելիքի օր և կրկին այց՝ Գավառի մանկատուն: Երեկ՝ օգոստոսի 28-ին, ՀՀ Ոստիկանության Զորքերի 1033 զորամասը մեծ շուքով նշեց իր կազմավորման 24-րդ տարեդարձը և ավանդույթի համաձայն այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Ոստիկանության Զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի հովանու ներքո Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանն իր անձնակազմի հետ բազմաթիվ նվերներով հյուրընկալվեց մանկատան սաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գիտելիքի օրվա հետ կապված՝ զորամասի անձնակազմը հրամանատարի գլխավորությամբ սեփական միջոցներով գնել էին գրենական պիտույքներ՝ պայուսակներ, տետրեր, գրիչներ, մատիտներ, քանոններ և այլ անհրաժեշտ իրեր: Այցելելով մանկատուն՝ Ոստիկանության Զորքերի անձնակազմը շրջեց մանկատան տարածքով, ծանոթացավ մանկատան հոգսերին ու խնդիրներին: Հատկապես մեծ ուշադրություն դարձվեց ստեղծագործական ջիղ ունեցող երեխաներին և նրանց կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներին: Մանկատան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում երեխաների հետ, որտեղ և զինծառայողները երեխաներին հանձնեցին իրենց պատրաստած նվերները: Բառերն անկարող էին բացատրել երեխաների այն հուզմունքն ու ապրումները, որոնցով նրանք հերթական անգամ դիմավորեցին իրենց բարեկամ դարձաց զորամասի զինծառայողներին: Հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ հրամանատարը, ով հավաստիացրեց, որ երեխաները մենակ չեն. իրենց կողքին պետությունն է, ոստիկանությունը՝ հանձինս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի ողջ անձնակազմի: Զորամասի կին զինծառայողները մանկատան ճաշարանում տոնական սեղան էին պատրաստել երեխաների համար: Սեղաններն առատ էին մրգերով, բանջարեղենով, հյութերով: Ավանդույթի համաձայն մատուցվեց մատաղ՝ ի բարօրություն երեխաների: Մանկատան տնօրեն, պարոն Նիկոլայ Նալբանդյանը շնորհակալական խոսք ուղղեց հրամանատարի աստվածահաճո գործունեության համար, իսկ հրամանատար Գ. Գրիգորյանը հրաժեշտի խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ լավագույն ավանդույթները չեն խախտվում, այլ ընդհակառակը՝ ամրապնդվում և կատարելագործվում են՝ վերջում մաղթելով սաներին՝ Բարին ընդ Ձեզ, սիրելի՛ երեխաներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր