4296 դիտում
20:10 12-07-2020
Արմեն Աշոտյան. Հայաստանում անպիտան պոպուլիստների կառավարման դառը ցուցանիշները պրոֆեսիոնալ ոլորտային հետազոտողների և միջազգային փորձագետների աչքից չեն վրիպում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրերս լույս տեսավ ՄԱԿ-ի հովանու ներքո մշակվող «Կայուն զարգացման նպատակների» 2020 թվականի համաշխարհային զեկույցը ( Sustainable Development Goals Report 2020 ), որը յուրաքանչյուր տարի երկիր առ երկիր անդրադառնում տարբեր պետությունների իրավիճակին՝ կապված ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին Կայուն զարգացման 17 նպատակներին հասնելու հետ։
Այդ ցուցանիշները շատ ներառական են եւ բազմապիսի՝ կրթությունից մինչեւ տնտեսություն, էկոլոգիայից մինչեւ առողջապահություն։
Պետական քարոզչամեքենան, Փաշինյանի գլխավորությամբ, լռության մատնեց այս կարեւոր հետազոտությունը, քանզի այն չէր վկայում իրենց կառավարման արդյունավետության մասին եւ ուղեղների լվացման համար պիտանի չէր։
Ճիշտ հակառակը՝ 2018 թվականից սկսած Հայաստանի դիրքերը այս համաշխարհային սանդղակում նահանջել են՝
2017 - 43
2018 - 58
2019 - 75
2020 - 75
Եթե 2017 թվականին Հայաստանն առաջ էր նաեւ թե Վրաստանից (66-րդ տեղ), թե Ադրբեջանից (48-րդ տեղ), ապա այս տարվա զեկույցում երկուսն էլ բարելավել են իրենց դիրքերը, անցնելով մեզանից եւ զբաղեցնելով համապատասխանաբար 58-րդ եւ 54-րդ հորիզոնականները։
Նիկոլը կարող է շարունակել հերթական 100 փաստի ժողովածուի նախապատրաստումն իր քիմքին հարմար, հաճախ՝ քաղաքականացված եւ մանիպուլացված վարկանիշների փնտրտուքով։
Սակայն Հայաստանում անպիտան պոպուլիստների կառավարման դառը ցուցանիշները պրոֆեսիոնալ ոլորտային հետազոտողների եւ միջազգային փորձագետների աչքից չեն վրիպում։
Մնաց մեր ժողովրդի աչքերն էլ վերջնական բացվեն, եւ այլեւս երբեք ոչ մի փչան Թեոդորոս երկրի ճակատագրի եւ մարդկանց զգացմունքների հետ չխաղա»։