2836 դիտում
20:47 31-01-2016
Երևանի պետական համալսարանը ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքներով 1-ին տեղում
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է` նպաստել հաստատությունների մրցակցության խթանմանը, շահառուների և հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Հրապարակվել են ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ այդմ` միասնական վարկանիշով 1-ին տեղում Երևանի պետական համալսարանն է, 2-րդ տեղում՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, 3-րդ տեղում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, 4-րդն Ամերիկյան համալսարանն է, 5-րդը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, 6-րդը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, 7-րդը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, 8-րդը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, 9-րդը՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, 10-րդը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Արմեն Աշոտյանի խոսքով` Երևանի պետական համալսարանը նախորդ տարի ևս առաջատարն է եղել, և բազմաթիվ ցուցանիշներով ունի դրական միտումներ: «Այս գործիքը կիրառում ենք արդեն երեք տարի, և մշտապես կատարելագործելով այն` համահունչ ենք դարձնում հասարակության, տնտեսության պահանջներին: Համադրելի չափանիշների հիման վրա այս տարի փորձել ենք տալ նաև համընդհանուր վարկանիշ, որովհետև մինչ այդ աշխատում էինք բացառապես հատվածական սկզբունքով: Մշակել ենք մեթոդաբանություն, որը թույլ է տալիս համեմատել նաև տարբեր բուհեր՝ ելնելով մի խումբ ցուցանիշներից, որոնք ընդհանուր են բուհերի համար՝ անկախ իրենց մասնագիտական կամ կրթական ծառայությունների քանակից և ուղղություններից»,-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով վարկանիշավորման հիմնական նպատակներին. «Հասարակությանը տալ հնարավորինս օբյեկտիվ ինֆորմացիա, թե ինչպիսի կրթական որակ, առաջնահերթություններ ունենք մեր բուհական համակարգում, թույլ տալ դիմորդներին՝ կատարել համապատասխան մասնագիտական ընտրություն՝ ելնելով այս կամ այն ցուցանիշից, հաջորդ նպատակը, իհարկե, մրցակցության խթանումն է, ինչը նույնպես նպաստում է բուհական համակարգում որակի բարձրացմանը, մյուսը՝ թափանցիկության կարևորագույն գործոնն է: Չկա որևէ վարկանիշ, որից բոլորը գոհ լինեն, անգամ միջազգայնորեն ճանաչված վարկանիշները»,-նշել է նա:
Երեք կրթական աստիճաններում և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող առաջատար բուհերն են` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, Հայ-ռուսական սլավոնական համալսարան, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, երեք կրթական աստիճաններում և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, բակալավրական ու մագիստրոսական և երեք ու ավել մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են` Հայաստանի ամերիկյան համալսարան, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան, բակալավրական և մագիստրոսական և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են` «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամ, Երևանի «Գալիք» համալսարան, «Մարտիգ» Արտաքին տնտեսական կապերի համալսարան, միայն բակալավրական մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են` Վարդենիսի «Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ», Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ համալսարան»,
«ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարան, արվեստի բուհերն են` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»:
Նշենք, որ գործընթացի իրականացման համար մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համար ուսումնական հաստատությունները խմբավորվել են ըստ բուհերում առկա կրթական ծրագրերի և մասնագիտական ոլորտների, ինչպես նաև առանձնացվել են արվեստի բուհերը։ Մշակված հարցաթերթերի հիման վրա հավաքագրվել է ողջ պահանջվող տեղեկատվությունը, իրականացվել են բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ բուհերի դասախոսների, շրջանավարտների և գործատուների շրջանում։
Հաշվի առնելով, որ մեր երկրում կրթության ոլորտը գտնվում է բարեփոխումների փուլում՝ բուհերի վարկանշավորման համակարգը նույնպես ենթակա է անընդհատ փոփոխության և կատարելագործման: 2013 և 2014 թվականների փորձնական վարկանիշավորման արդյունքում ճշգրտման են ենթարկվել բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի ցուցանիշները, դրանց կշիռներն ու հաշվարկի միավորային համակարգերը:
Այս տարի իրականացվել է նաև ՀՀ բուհերի մեկ միասնական ցանկով փորձնական վարկանիշավորում։
Պատրաստի արդյունքները հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելու համար ստեղծվել և գործում են «Բուհերի ազգային վարկանիշավորման ազգային համակարգ» և «ՀՀ բարձրագույն ուսումնական միասնական ցանկով վարկանիշավորման ազգային համակարգի» ինտերնետային կայքերը, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ բուհերի վարկանիշավորումների իրենց նախընտրած սանդղակները:
Նմանատիպ նյութեր
1850 դիտում
22:50 19-05-2016
Կատարելագործվում է ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգը
Այս բաժնից
1219 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4690 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած