211652_close_icon
views-count1850 դիտում article-date 22:50 19-05-2016

Կատարելագործվում է ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգը

ՀՀ բուհերի վարկանիշավորման գործընթացի որակի, արդյունավետության և թափանցիկության բարձրացման նպատակով Աղվերանում այսօր մեկնարկել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովը, որին մասնակցում են ՀՀ ԿԳՆ, ԿՏԱԿ-ի, ՀՀ պետական, միջպետական և ոչ պետական բուհերի, ՈԱԱԿ-ի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի հիմնական նպատակն է՝ ներկայացնել վարկանիշավորման համակարգի սկզբունքները, մեթոդաբանությունը, ցուցանիշների ու հաշվարկի մեխանիզմները և ստացված նոր առաջարկությունների հիման վրա լրամշակել տարբերակները: ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգը Հայաստանում գործարկվել է երեք տարի առաջ՝ միջազգային վարկանիշավորման փորձի հիման վրա մշակած ազգային մեթոդաբանությամբ: Ներկայացնելով վարկանիշավորման գործող համակարգը՝ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ այս տարիների փորձը ցույց է տալիս, որ վարկանիշավորման արդյունքների հրապարակումից հետո բուհերի մոտ որոշակի հարցեր են առաջանում՝ մեթոդաբանության հետ կապված: "Այդ պատճառով այս տարի որոշել ենք հավաքվել և բուհերի հետ համատեղ քննարկել՝ ինչ առաջարկություններ ունեն վերջիններս: Դրանք բոլորը կամփոփվեն, որի արդյունքում կկատարելագործվեն մեխանիզմները և կներկայացվեն ԿԳ նախարարի հաստատմանը: Ի վերջո, բոլորիս նպատակն այնպիսի վարկանիշավորման համակարգ ունենալն է, որին վստահեն ուսանողները, դասախոսները, ծնողները, ոլորտի ներկայացուցիչները",-նշել է Ա. Պողոսյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարի իրականացվել է նաև մեկ միասնական ցանկով վարկանիշավորում, որի համաձայն՝ բուհերը բաժանվել են ոչ թե առանձին խմբերի /կլաստերների/, այլ ներկայացված են եղել միասնական ցանկով:

Նմանատիպ նյութեր