2182 դիտում
20:18 29-01-2016
Արցախի Հանրապետության վարչապետը հրավիրել է խորհրդակցություն՝ փոխառությունների վերադարձման և գարնանացանի աշխատանքների վերաբերյալ
Հունվարի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ԱՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարների, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի, հանրապետության շրջվարչակազմերի և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հիմնադրամի նկատմամբ համայնքների կողմից կուտակված ֆինանսական պարտավորությունների մարման գործընթացի կարգավորման և գյուղատնտեսության ոլորտում առաջիկա անելիքների հստակեցման հարցերը:
Կառավարության ղեկավարը, կարևորելով ֆինանսական կարգապահությունը վարկավորման գործընթացում, մասնավորապես, ասել է. «Գյուղատնտեսական փոխառությունների մարման ձգձգումը խոչընդոտում է վարկավորման ընդհանուր ծրագրի արդյունավետ իրագործմանը: Այդ պատճառով ժամկետանց փոխառությունների վերադարձման հարցում նոր մեխանիզմների մշակման և կիրառման անհրաժեշտություն է ծագել»:
«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանը, հակիրճ տեղեկատվություն ներկայացնելով ժամկետանց փոխառությունների մարման գործընթացի մասին, նշել է, որ շրջվարչակազմերը հիմնադրամի նկատմամբ ունեն մոտավորապես 175մլն, իսկ համայնքները՝ 157մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ՝ կուտակված 2008-2013 թվականներին:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հիմնականում այն համայնքների ֆինանսական պարտավորությունների մարման հարցը, որոնց նկատմամբ կա դատարանի վճիռ, և գործերը հանձնված են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը: Համայնքների ղեկավարներից ոմանք պարտավորվել են սահմանված ժամկետում հավաքագրել գումարները, իսկ այդ հարցում խնդիրներ ունեցող համայնքներին առաջարկվել է փոխառություն տրամադրել՝ հետագայում համայնքային միջոցների հաշվին այն վերադարձնելու պայմանով: Այս մեխանիզմը կգործի նաև այն համայքների մասով, որոնց նկատմամբ դատարանի վճիռ դեռևս չի կայացվել:
Վարչապետը համայնքների ղեկավարներին հորդորել է օգտագործել իրենց լիազորություններն այդ գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելու համար, որպեսզի անբարեխիղճ վարկառուների պատճառով չտուժեն նաև մյուս քաղաքացիները:
Խորհրդակցության երկրորդ մասը նվիրված էր գյուղատնտեսական հարցերին: Գյուղնախարար Արամ Մխոյանի խոսքով՝ հանրապետությունում կատարվել է 54 հազար հա աշնանացան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արված 39 հազար հա-ի դիմաց: Նրա զեկուցմամբ՝ գարնանացանի համար պատրաստ է 3,5 հազար հա վարելահող, նախարարություն են ներկայացվել 6000 հա գարնանացանի սերմերի հայտեր: Ա. Մխոյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հորդորել է չուշացնել հայտերը՝ սերմերը ժամանակին ստանալու համար:
«Քանի որ առատ տեղումների արդյունքում հողում կուտակված խոնավությունը, ընդհանուր առմամբ, բավարար է աշնանացանի համար, պետք է ջրային պաշարներն ուղղել գլխավորապես այգեգործությանը: Ակնկալում եմ, որ հետևողական աշխատանքներ կիրականացնեք գարնանացան մշակաբույսերի տեսականու և հողատարածքների ավելացման ուղղությամբ»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ դիմելով գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին:
Մկնանման կրծողների դեմ պայքարի վերաբերյալ գյուղնախարարը տեղեկացրել է, որ հանրապետություն է ներկրվել 2560կգ Բրոդիֆակում տեսակի գերմանական արտադրության դեղամիջոց, որից 1330կգ արդեն տրամադրվել է հողօգտագործողներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև համայնքների գյուղատնտեսների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ որոշումների պատշաճ իրագործման նպատակով:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1362 դիտում
16:04 10-03-2014
Գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն ԼՂՀ վարչապետի մոտ
978 դիտում
18:54 08-06-2015
Արցախի վարչապետը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` բերքահավաքի վերաբերյալ
Այս բաժնից
706 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
799 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
613 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել