211652_close_icon
views-count9323 դիտում article-date 19:57 28-01-2016

Փակագծերը բացելու ժամանակը. ովքեր ստեղծեցին հայոց բանակը

Բանակի ստեղծման իրական պատմությունը. Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հայոց հզոր, անպարտելի, հաղթանակած, ռազմաճակատում մկրտություն ստացած բանակի ստեղծման 24-րդ տարեդարձը: Փառք ու պատիվ մեր Հայոց բանակին, ցանկանում եմ ուժ ու կորով մեր բանակի ակունքներում կանգնածներին` շարքայինից մինչև գերագույն գլխավոր հրամանատար: Ես գլուխ եմ խոնարհում Եռաբլուր սրբատեղի շիրիմների առաջ: Մինչ օրս բանակի մասին պատմություններ են գրվում, հաղթանակի մասին լեգենդներ են հյուսվում, բայց այդպես էլ այդ ամենը բուն իրականությունը չեն արտացոլում: Ոմանք շեղվելով իրականությունից և իրենց վերագրելով ուրիշի սխրանքները` դարձել են գեներալներ ու խաչակիրներ… Կասեմ ընդամենը մեկ բան` եթե այդ օրհասական ժամանակներում չլիներ միլիցիան (ոստիկանությունը) և նրա ձևավորած ջոկատները, ապա մեր բանակաշինությունը այդպես արագ չէր կայանա և առնվազն մի քանի տարով կհետաձգվեր մեր ժողովրդի համար այնքան բաղձալի ու անհրաժեշտ բանակի կայացումը: Ես ուղղակի ցավում եմ, որ ՆԳՆ-ն` այժմյան ոստիկանությունը, որի հենքի և ստորաբաժանումների վրա ձևավորվեց ու ստեղծվեց Հայոց բանակը, անտարբեր է իր պահվածքով, որը հիասթափեցնում և հուսալքում է այն համակարգին, որը հաղթեց «Կոլցո» օպերացիան ռազմաճակատում` կերտելով բազմաթիվ հաղթանակներ, ունենալով 230 զոհ, 113 գերավարված և 158 վիրավոր: Այժմ, բացելով որոշ փակագծեր, ներկայացնեմ իրական պատմությունը: 1988 թվականին, երբ սկսվեց անկախության համար մղվող ազգային ազատագրական պայքարը, համայն հայությունը մասնակից եղավ այդ մեծ պայքարին: 1989 թ.-ին, երբ վտանգի մեջ էր Արցախն ու ամեն կողմից խախտվում էր ՀՀ պետական սահմանը, այդ ժամանակ էլ ձևավորվեցին կամավորական ջոկատներ: Դեռ գոյություն ուներ Խորհրդային Միություն և ամեն ինչը կառավարվում էր Մոսկվայից: Կոմունիստական հասարակարգը փլուզվել էր և անիշխանություն էր տիրում: Այդ ժամանակ Հայաստանն իրավունք չուներ ունենալ սեփական բանակ: ՀՀ-ում կաթվածահար վիճակում էին հայտնվել պետական կառույցների մեծ մասը, իրականում դադարել էր դրանց գործունեությունը: Հայաստանը հայտնվեց չհայտարարված պատերազմի մեջ Ադրբեջանի հետ: Այդ ժամանակ պետք էր մեկ ուժ, որն ի վիճակի կլիներ դիմակայել արտաքին և ներքին թշնամիներին: 1990 թ. այդ ուժը հանդիսացավ ՀՀ ՆԳՆ-ն, որի կազմում, կառավարության թիվ 380 որոշմամբ ստեղծվեցին ՄՀՆՋ-ը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ) և ՄՕՀՋ-ը (միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատ): ՆԳՆ-ին առնթեր` կառավարության թիվ 420 որոշմամբ, 1990 թ.-ին Չարբախի հավաքակայանում ստեղծվեց հատուկ գունդ, իսկ կառավարության 427 որոշմամբ` Երևանի մայրաքաղաքային գնդի վրա ձևավորվեց ՆԳՆ ՊՊԾ գունդ` իր սահմանամերձ 28 վաշտերով: Այդ 28 վաշտերը համալրեցին տեղի կամավորական ջոկատները: Այդ ժամանակ Հայաստանում ստեղծվեց «Պաշտպանության կոմիտե», որը պետք էր ՆԳՆ-ի հետ համակարգեր բոլոր մարտական գործողությունները ռազմաճակատում: 1991 թ.-ին Մոսկվայի հանձնարարությամբ` անօրինական զինված խմբավորումներին վնասազերծելու և զինաթափելու համար, Խորհրդային ներքին զորքերի և Ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ համատեղ անցկացվեց «Կոլցո» օպերացիան, որը գլխավորում էր ԽՍՀՄ ներքին զորքերի հրամանատար, գեներալ Շատալինը: Հայաստանին սպառնացող մեծ վտանգը տեսնելով` Պաշտպանության կոմիտեն ներքին հրաման արձակեց` բոլոր կամավորական ջոկատներին ռազմաճակատից հետ քաշվել: Մարտիկները պետք է սափրվեին և պատսպարվեին գյուղերում ու քաղաքներում, իսկ սահմանամերձ գոտում` Նոյեմբերյանից մինչև Մեղրի, պետք է մնային միայն միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները: Հայաստանի ՆԳՆ-ն հերոսաբար դուրս եկավ «Կոլցո» օպերացիայից` ունենալով կորուստներ: 1991 թ.-ին սեպտեմբերի 21-ին կոմունիստական շղթաներից պոկվեց մի օղակ, որն էլ դարձավ անկախ Հայաստանի Հանրապետություն: Լինելով անկախ պետություն` 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի ՆԳՆ-ի ՄՀՆՋ-ի, ՄՕՀՋ-ի, Հատուկ Գնդի և ՊՊԾ գնդի 28 վաշտերի հենքի վրա ձևավորվեց Հայոց բանակը, հետագայում այս վաշտերը դարձան գնդեր և այլ ստորաբաժանումներ: Այդ ժամանակ նորաստեղծ, անկախ պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայրենասիրական կոչով դիմեց խորհրդային բանակում ծառայող հայ սպաներին և գեներալներին, որպեսզի գան և համալրեն հայոց նորաստեղծ բանակի շարքերը: Այդպես էլ եղավ: Նրանք եկան և իրենց ռազմական փորձով ու գիտելիքներով կարողացանք կերտել փառահեղ հաղթանակ: Բանակաշինության, անկախության հաղթանակի գործում մեծ լումա ունի ՀՀ նախագահ և բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Ազատի Սարգսյանը, որը անցել է փառապանծ մարտական ուղի և հենց նրա շնորհիվ է, որ Ստեփանակերտում տեղակայված Խորհրդային բանակի տեխնիկան, զենք զինամթերքը անցավ ԼՂՀ-ի ձեռքը: Այսպիսի ժամանակներում է ստեղծվել ու կայացել մեր բանակը: [b] ՄՀՆՋ-ի վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյան [/b]

Նմանատիպ նյութեր