12052 դիտում
18:00 28-01-2016
Գողացել են 500 միլիոն դոլար արժողությամբ կտավներ
1990թ. մարտի 17-ի լույս 18-ի գիշերը Իզաբելլա Ստյուարտ Գարդներ թանգարանի պահակ 23-ամյա ուսանող Ռիկ Աբատը զարմանում է, երբ տեսախցիկի մոնիտորի էկրանին տեսնում է շենքի մուտքի մոտ կանգնած 2 ոստիկանների: Նրանք բացատրում են, որ թանգարանից աղմուկ է լսվել և խնդրում են բացել դուռը, քանի որ իրենք պարտավոր են մտնել թանգարանի տարածք, որ ստուգեն աղմուկի պատճառը: Այդ գիշեր Ռիկ Աբատի գործընկեր 25-ամյա շեփարոհար Նիկ Ֆոուլին հիվանդության պատճառով աշխատանքի չէր եկել: Փորձառու պահակին փոխարինում էր նորեկը, որն աշխատանքի էր ընդունվել մեկ ամիս առաջ:
Իզաբելլա Ստյուարտ Գարդներ թանգարանը կողքից
[img]/ups/images/0063926001453973827690117.jpg[/img]
Գիշերները պահակները ձանձրանում էին: Սակայն մեկ ամիս առաջ արձանագրվել էր արտառոց միջադեպ: Պահակը տեսախցիկի էկրանին տեսնում է, որ շենքի կողային մուտքի դռան առաջ երկու տղամարդ ծեծում են մի երիտասարդ տղայի: Երիտասարդը աղաչում է բացել դուռն ու ներս թողնել իրեն, բայց թանգարանի պահակը ներս չի թողնում, այլ զանգահարում ոստիկանություն: Մինչ ոստիկանության ժամանումը, եռյակը հաշտվում է և հեռանում ավտոմեքենայով: Հնարավոր է, որ այս միջադեպն իրականում թանգարանը կողոպտելու փորձ էր:
Իզաբելլա Ստյուարտ Գարդներ թանգարանը ներսից
[img]/ups/images/0329778001453973852239435.jpg[/img]
Իզաբելլա Ստյուարտը ծնվել է 1840թ. ապրիլի 14-ին Նյու Յորքում: Նրա հայրը, Դեվիդ Ստյուարտը հարստանում է, զբաղվելով վուշի առևտրով: Այնուհետև ներդրումներ է կատարում պղնձի հանքերում և բազմապատկում հարստությունը: Իզաբելլան կրթություն է ստանում Նյու Յորքում և Փարիզում, իսկ 1860թ.-ին ամուսնանում դպրոցական ընկերուհու եղբոր՝ Ջոն Գարդների հետ և տեղափոխվում Բոստոն: 1963թ.-ին ծնվում է նրանց տղան՝ Ջեկին, որը 2 տարեկանում մահանում է: Նրանք այլևս երեխա չեն ունենում:
Իզաբելլա Ստյուարտ
[img]/ups/images/0855092001453973891232434.jpg[/img]
Հոր մահից հետո, 1891թ. Իզաբելլա Գարդները ժառանգում է 1,6 միլիոն դոլար: Նա և ամուսինը որոշում են այդ գումարը ծախսել բարեգործության և արվեստի վրա: 1896թ. Ռեմբրանդտի և Տիցիանի կտավների ձեռք բերումը բեկումնային նշանակություն է ունենում: Գիտակցելով, որ իրենց հավաքածուն հասել է թանգարանային մակարդակի (մոտ 2.500 ստեղծագործություն), Գարդներները ձեռնամուխ են լինում թանգարանի կառուցմանը:
Իզաբելլա Ստյուարտ-Գարդներ
[img]/ups/images/0688272001453973911903838.jpg[/img]
1898թ. դեկտեմբերին մահանում է Ջոն Գարդները: Իզաբելլան միայնակ է շարունակում իրագործել իրենց ծրագրերը: Տարածք է գնում Բոստոնի Ֆենվեյ թաղամասում և իտալացի ճարտարապետ վարձում: Թանգարանի շինարարությունը սկսվում է 1899թ.-ին, ավարտվում 1901-ին: 1903թ. ամանորին կատարվում է թագարանի բացումը: 1914թ.-ին Իզաբելլա Գարդներն այնքան շատ արվեստի գործեր է ձեռք բերում, որ որոշում է վերակառուցել շենքը և ավելացնել նոր պատկերասրահ: 1919թ. Իզաբելլա Ստյուարտ Գարդները կաթված է ստանում: Մահանում է 1924թ. հուլիսի 17-ին: Իզաբելլա Ստյուարտ Գարդները թանգարանին է կտակում 1,2 միլիոն դոլար և պատվիրում չփոխել թանգարանի ցուցանմուշների տեղերը: Այսօր էլ թանգարանում անցկացվում են համաշխարհային մակարդակի համերգներ, ներկայացվում են նորարարական նախագծեր, համախմբելով ժամանակակից նկարիչների, գրողների, երաժիշտների:
[img]/ups/images/038304500145397397165886.jpg[/img]
1990թ. մարտի 18-ի գիշերը ժամը 1:24 ոստիկանական համազգեստ հագած կողոպտիչները թակում են շենքի կողային մուտքի դուռը: Ռիկ Աբատը ենթագիտակցաբար վախենալով ոստիկաններից, ներս է թողնում նրանց: (Ըստ կարգի նա իրավունք չուներ ներս թողնել անծանոթ մարդկանց: Պահակն իրավունք ուներ ներս թողնել ոստիկաններին միայն այն դեպքում, եթե նրանք ժամանել են իր ահազանգով:)
Ռիկ Աբատ
[img]/ups/images/0360937001453973995902675.jpg[/img]
Ոստիկաններից մեկը Ռիկին հարցնեւմ է, թե քանի պահակ կա թանգարանում:
- Եվս մեկը,- ասում է Ռիկը, -նա շրջում է երրորդ հարկում:
- Ասա նրան, թող ցած իջնի,- հրահանգում է ոստիկանը:
Երկրորդ ոստիկանն ասում է.
- Քո դեմքը ծանոթ է թվում, դու հետախուզման մեջ չե՞ս: Փաստաթղթերդ ցույց տուր:
Ռիկը վեր է կենում կառավարման վահանակի առջևից, որի վրա է գտնվում տագնապի ազդանշանի միակ սեղմակը, մոտենում պահարանին, հանում վարորդական իրավունքն ու ցույց տալիս ոստիկանին: Մի քանի վայրկյան անց ձեռնաշղթա են անցկացնում Ռիկի ձեռքերին: Երբ մոտենում է երկրորդ պահակը, ոստիկանները նրա ձեռքերն էլ շղթայում:
- Ինչու՞ եք ինձ ձերբակալում,- վրդովվում է երկրորդ պահակը:
- Սա ձերբակալություն չէ, սա կողոպուտ է,- ասում են կեղծ ոստիկանները,- եթե մեզ չխանգարեք, չեք տուժի:
Մի քանի րոպե անց՝ ժամը 1:48-ին պահակների բերանները կպչուն ժապավենով կապում են, իջեցնում նկուղ և կապում սյուներից, միմյանցից 30 մետր հեռու: Հաջորդ 57 րոպեների ընթացքում կողոպտիչներն անարգել տնօրինում են թանգարանում: Մեկը մտնում է Հոլանդական դահլիճ, մյուսը՝ Շորտի պատկերասրահ:
[img]/ups/images/0382182001453974027571063.jpg[/img]
Առաջին կողոպտիչը Հոլանդականը դահլիճից կտրում է Ռեմբրանտի 4 կտավներից 3-ը: 4-րդը՝ Ռեմբրանտի հսկա ինքնադիմանկարը չի կարողանում կտրել տեխնիկական պատճառով: Երկրորդ ավազակը Շորտի պատկերասրահից կտրում է Էդգար Դեգայի 5 նկարները: Ամենաթանկն անկասկած Ռեմբրանտի «Փոթորիկ Գալիլեայի ծովի» ծովանկարն է և Վերմերի «Համերգը» կտավը: Այդ նկարները ավելի քան 100-ական միլիոն դոլար արժեն: Գարդներ թանգարանից տանում են նաև Գովերտ Ֆլինկի և Էդուարդ Մանեի մի քանի աշխատանքներ, ինչպես նաև՝ մ.թ.ա XVII-X դդ. չինական գավաթ և Նապոլեոնի զինանշանով բրոնզե արծիվը:
Ժամը 2:28 ավազակները վերադառնում են պահակների սենյակ, ստուգում են նկուղում կապկպված պահակներին, վերցնում են տեսախցիկների տեսաերիզները, որտեղ իրենք երևում են, ջնջում համակարգիչների արձանագրած տեղեկությունները, չմտածելով, որ տեղեկությունները պահպանվում են համակարգչի կոշտ սկավառակի վրա: Այնուհետև 13 րոպեում գողոնը դուրս են բերում թանգարանից և հեռանում:
[img]/ups/images/076475800145397727166262.jpg[/img]
Պահակներին ազատում են իրական ոստիկանները առավոտյան ժամը 8:15: Ռիկ Աբատը նկարագրում է կողոպտիչներին: Նա ցուցմունք է տալիս, որ կողոպտիչներից մեկը մոտ 40 տարեկան էր, հասակը մոտ 175 սմ, նիհար, բեղերով, իսկ մյուսը մի քանի տարով երիտասարդ, թիկնեղ, հասակը 180 սմ, նույնպես բեղերով:
Կողոպտիչները թանգարանից գողանում են հետևյալ գործերը.
«Համերգ», Յան Վերմեր (1658-1660), 72,5x64,7 սմ:
[img]/ups/images/0932640001453974702157603.jpg[/img]
«Փոթորիկ Գալիլեայի ծովում» Ռեմբրանտ (1633), 161,7x129,8 սմ:
[img]/ups/images/0929132001453974726415090.jpg[/img]
«Տիկինը և սևազգեստ պարոնը» Ռեմբրանտ (1633), 131,6x109 սմ:
[img]/ups/images/0427641001453974763917776.jpg[/img]
«Ինքնադիմանկար» Ռեմբրանտ (1634), 2x5 սմ է: Նամականիշի մեծությամբ այս փոքրիկ դիմանկարը մեկ անգամ արդեն գողացվել էր 1970թ., սակայն հայտնաբերվել էր մետրոյի վագոնում:
[img]/ups/images/016922900145397483020724.jpg[/img]
«Տորտոնի սրճարանում», Էդուարդ Մանե (1878-1880), 26x34 սմ:
[img]/ups/images/088713900145397486581265.jpg[/img]
«Բնանկար և հուշասյուն» Գովերտ Ֆլինկ (1638), 54,5x71 սմ:
[img]/ups/images/0330825001453974885732574.jpg[/img]
«Մտորումներ» Էդգար Դեգա 10x16 սմ.
[img]/ups/images/0469889001453975453701431.jpg[/img]
«Զբոսանք Ֆլորենցիայի շրջակայքում», Էդգար Դեգա, 16x21 սմ.
[img]/ups/images/0285576001453975726473022.jpg[/img]
«Երեք հեծյալ», Էդգար Դեգա, 30,5x24 սմ:
[img]/ups/images/0789578001453975788104575.jpg[/img]
«Նկարիչների երեկոյի ծրագիր» Էդգար Դեգա, 24,1x30,9 սմ:
[img]/ups/images/0989686001453975840565331.jpg[/img]
Բրոնզե գավաթ, Չինաստան, Շան հարստության շրջան, (1200-1100 մ.թ.ա.), 26 սմ.
[img]/ups/images/0259943001453976037648670.jpg[/img]
Անոթ արծվի տեսքով, Նապոլեոնի զինանշանով (1813-1814), 25 սմ:
[img]/ups/images/0535291001453976131518777.jpg[/img]
Կողոպուտի հետաքննությունը սկսվում է մարտի 18-ին: Այն վարում է ՀԴԲ-ն: Հետաքննությանը ներգրավվում են նաև մասնավոր խուզարկուները, որոնց վարձում է Գարդների թանգարանը: Քառորդ դար անց նրանք քննում են տասնյակ վարկածներ: Սակայն ոչ գողոնը, ոչ էլ կողոպտիչները չեն հայտնաբերվում: Գողացված նկարների մասին տեղեկատվություն հայտնողներին խոստանում են 5 մլն դոլար, չնայած, որ գողացված գործերի ընդհանուր արժեքը մոտ 500 միլիոն դոլար է:
[img]/ups/images/0693343001453974079620485.jpg[/img]
Առավել համոզիչ վարկած առաջ է քաշել ամերիկացի հայտնի լրագրող Ստիվեն Քուրքչյանը, որը 40 տարի աշխատել է Boston Globe թերթում և արժանացել է Պուլիտցերյան երեք մրցանակների: Գարդների թանգարանի մասին նրա գրած «Հանճարեղ գողերը. Բոստոնյան գանգստերները, որոնք տարել են աշխարհում ամենախոշոր արվեստի գործերը» գիրքը լույս է տեսել 2015թ. մարտի 10-ին:
Սթիվեն Քուրքչյան
[img]/ups/images/0142635001453974099814404.jpg[/img]
Քուրքչյանը կարծում է, որ կողոպուտը մտահղացել է բոստոնյան գանգստեր Լուիս Ռոյսը, Ռոսսետի ավազակախմբից: Նա անձամբ է գանգատվել լրագրողին, որ դեռևս չի ստացել կողոպուտի ծրագիրը մշակելու համար խոստացված 15%-ը: Մանկության ու պատանեկության տարիներին Ռոյսը գեղարվեստի սիրահար էր և սիրում էր այցելել Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան: Դառնալով գանգստեր, նա մտադրվում է թալանել սիրած թանգարանը: Արվեստի գործերը պետք էին որպես փրկագին՝ ճաղերի հետևում նստածներին ազատելու համար:
Վինսենտ Ֆերեռա
[img]/ups/images/0373384001453974129512431.jpg[/img]
Սթիվեն Քուրքչյանը պնդում է, որ կողոպուտի պատվիրատուն Բոստոնի մաֆիայի կնքահայրերից մեկն է՝ Վինսենտ Ֆերեռան, որը 1980-ականների դատապարտվում է 20 տարվա ազատազրկման: Իսկ կողոպուտն իրականացրել է նրա օգնական Բոբի Դոնատին, որը մի առիթով ասել է, թե խնամքով թաքցրել է նկարները: Սակայն որոշ ժամանակ անց Դոնատին մահանում է քրեական բախումների ժամանակ:
Ռիչարդ Դեսլորիերս
[img]/ups/images/0814712001453974160885168.jpg[/img]
2003-ի մարտին ՀԴԲ սենսացիոն մամուլի ասուլիս է հրավիրում: ՀԴԲ Բոստոնի գրասենյակի տնօրեն Ռիչարդ Դեսլորիերսը հայտարարում է, որ նկարները գտնվում են Ֆիլադելֆիայում: Իսկ 2013-ին ՀԴԲ-ն հայտարարում է, թե պարզել է հանցագործների ինքնությունը, սակայն չի հրապարակում՝ քննության գաղտնիությունը չխախտելու պատճառով: Այնուամենայնիվ, Գարդների թանգարանի պատերին կախված շրջանակները դեռ դատարկ են: Եվ չնայած, որ կողոպուտից անցել է ավելի քան քառորդ դար, ՀԴԲ-ն և Գարդների թանգարանը լավատես են և հույսը չեն կորցնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
13:38 03-03-2015
ԱՄՆ-ում 4 միլիոն դոլար արժողությամբ ոսկի են գողացել
5626 դիտում
11:48 21-01-2015
Դրամապահոցից 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրո հափշտակողը բանկի աշխատակիցն էր. տեսանյութ
Այս բաժնից
2542 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2821 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել