20284 դիտում
10:47 26-01-2016
Սոցիալապես անապահով պայմաններում ապրող ծնողները պնդում են. Մարտունու ոստիկաններն ու քննիչը իրենց 24-ամյա հիվանդ տղայի «գլխին սարքել են»՝ անգամ տարածելով, թե ծնողները ավտովթարից մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչներ, ամուսիններ, 52-ամյա Գևորգ և 46-ամյա Մարինե Սարգսյանները արդեն 2 ամսից ավելի է, չեն կարողանում ոչ մի իրական տեղեկություն ստանալ իրենց որդու՝ 24-ամյա Արման Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործից: Ամուսինները, ովքեր ապրում են սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում, 4 տարի փնտրել են Արմանին, քանի որ, ըստ նրանց պատմածի, ինչ-որ աղջիկ Արմանի հետ ամուսնացել է և կապը ծնողների ու տղայի միջև խզվել է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրանք ասում էին. «Մեր տղան տառապում է սակավամտությամբ: Ազատվել է զինվորական ծառայությունից, քանի որ մտավոր խնդիրներ ունի, ինչի համար էլ անգամ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովը 2015 թվականի փետրվարի 13-ին որոշել է Գևորգ Սարգսյանին նշանակել Արման Սարգսյանի խնամակալ: Մի քանի անգամ ճշտեցինք, որ Արմանը գտնվում է մեկ Արմավիրում, մեկ՝ Կոշում, մեկ՝ Եղվարդում: Վերջին անգամ իմացանք, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում է: Խոսեցինք հեռախոսով: Արմանը բողոքեց՝ ասելով, թե՝ ոստիկանները ուզում են ինձ ծեծեն: Հետո իմացանք, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 1-ի սահմաններում Լիճք գյուղում գտնվող «Բոս սար» կոչվող սարատեղում, աղբանոցի տարածքում, իբրև թե Արմանը վայրի եղանակով աճած կանեփ տեսակի բույսի տարբեր հատվածներից առանց իրացնելու նպատակով հավաքել ու ձեռք է բերել խոշոր չափի՝ 21.1 գրամ հաստատուն քաշով չորացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, թե իբր Արմանը ապօրինի թմրամիջոցը պահել է իր հագին եղած սև գույնի կիսաբաճկոնի աջ գրպանում:
Մարտունու ոստիկաններն Արմանիս բռնում են ու Մարտունու քննչական բաժնի քննիչ Քոչար Քոչարյանի որոշմամբ հարուցում են քրեական գործ ու տղայիս մեղադրում են քր.օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու միջնորդություն են ներկայացնում ու տղուս կալանավորում են: Եղել ենք բոլորի մոտ: Ոչ ոք ռեալ բան չի ասում: Մենք վստահ ենք, որ էրեխուն, ով, էլի ենք ասում, ունի դատողության հետ կապված խնդիրներ, Մարտունու ոստիկանները ծեծի ենթարկելով ստիպել են, որ վիզ վերցնի:
Փաստաբան վերցրեցինք, մեզանից պահանջեց 50 հազար դրամ, էն էլ էդ գումարն էլ ճարեցինք մեր եզդի հարևաններից, տվեցինք փաստաբանին, մի օր հետո ասեց, թե՝ ես իմ գործն արել եմ, ձեր տղուն ազատելու համար քննիչի ու դատավորի հետ խոսեք, ու էդ ժամանակ իմացանք, որ գործը դատարան են ուղարկել»:
Էնտեղ էլ ինչ-որ մեկը նաև տեղեկություններ էր տարածել, որ իբրև Արմանի հետևից ոչ ոք չի գա, հայրն ու մայրը ավտովթարից մահացել են, սակայն երբ ծնողները գնացել են Մարտունի ու հայտնել են, որ իրենք Արմանի ծնողներն են, որոշ մարդիկ զարմացել էին: Ծնողներն իրենց հույսը դրել են Աստծո վրա ու հավատում են, որ դատավոր Յուրի Իսկոյանը, երբ ծանոթանա Մարտունու ոստիկանների ու քննիչի կողմից հորինված ու սարքված քրեական գործի պատմությանը, իրենց երեխային ազատ կարձակի, քանի որ ակնհայտ է, որ ցուցանիշներ ապահովելու նպատակով Մարտունու ոստիկանները գործ են սարքել հիվանդ տղայի վրա:
Այսօր՝ հունվարի 26-ին, նշանակվել է հերթական դատը և ծնողներն անգամ գումար չունեն, որպեսզի հասնեն դատին: Մի անգամ դատին գնացել են, այն էլ՝ շնորհիվ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի, ով ճանապարհածախսն ամբողջովին հոգացել էր, սակայն դատը չեր կայացել, քանի որ գործով վկա Արմանի ոչ օրինական կինը դատարան չէր ներկայացել: Արմանը բանտից ծնողներին ուղարկել է իր ձեռքով կտորի վրա նկարած «Խաչված Հիսուսի» պատկերը և մի երկտող, որի վրա գրված. «Ես չկամ ոչ մի բանի մեջ, ոչ օգտագործել եմ, ոչ հյուրասիրել եմ, ես վերցրել եմ՝ խառնելով կանաչու հետ, ես չգիտեմ, ինչ ա»:
«Մեր հույսը Աստված է և դատավորը, հակառակ դեպքում, չգիտենք՝ ինչ ա լինելու, էլ տեղ չկա դիմելու»,-ասացին նրանք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Արմանը ունի 1 եղբայր և 2 քույր, ովքեր նույնպես ունեն առողջական խնդիրներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10855 դիտում
19:45 06-11-2017
Մաստարայում ապրող, 4 զավակ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքին փոքրիկի բուժման համար գումար է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2771 դիտում
14:54 26-11-2015
Առողջական խնդիրներ ունեցող եւ սոցիալապես անապահով ապրող 2 զինծառայող ազատվել է ծառայությունից. մանրամասներ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)