211652_close_icon
views-count3404 դիտում article-date 16:21 16-01-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսվարողների հետ քննարկել է արտադրության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների՝ իրենց խնդրանքով: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները: Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ: Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Գործարարները ներկայացրել են նաև իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման և արտահանման խթանման վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որևէ աշխատատեղի կրճատումը: Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել մեր արտադրողներին՝ աշխատատեղերի պահպանման և ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար: Վարչապետն ընդգծել է որ Ռուսաստանի Դաշնության և այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից և նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում և դրանց հիման վրա կմշակվեն տնտեսվարողներին աջակցության նոր քայլեր և ուղիներ:

Նմանատիպ նյութեր