211652_close_icon
views-count1386 դիտում article-date 17:37 14-03-2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և քննարկել տնտեսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Տնտեսական կապերն ակտիվացնելու գործում կողմերը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, տնտեսական համաժողովների անցկացումը, երկու երկրների գործարար շրջանակների կապերի սերտացումը: Հայաստանի վարչապետը և Եգիպտոսի առաջնորդը հեռանկարային են համարել գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին բարձր է գնահատել Եգիպտոսի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և նշել, որ այն լավ կամուրջ է հայ-եգիպտական կապերի ընդլայնման և խորացման գործում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է արաբական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: «Այս առումով Եգիպտոսն առանձնահատուկ տեղ է գրավում, քանզի հայ և եգիպտացի ժողովուրդների՝ վաղ ժամանակներից սկիզբ առած հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և վերածվել ամուր բարեկամության»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու առթիվ, որն արդյունավետ հարթակ էր քննարկելու ինչպես Եգիպտոսի, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակը: Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համաժողովին մասնակցելու համար, և հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի առկա մարտահրավերներին և խնդիրներին նոր լուծումներ գտնելուն: Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և նշել, որ Հայաստանն ակնկալում է Եգիպտոսի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունն ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին: Զրուցակիցներն անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր