211652_close_icon
views-count4291 դիտում article-date 21:54 13-01-2016

Արցախում H1N1 տեսակի գրիպով ծանր հիվանդներ չկան. ԼՂՀ առողջապահության նախարարություն

Արցախի բժշկական հաստատություններում հունվարի 13-ի դրությամբ վերին շնչուղիների սուր վարակներով ստացիոնար բուժում է ստանում 70 քաղաքացի, որից 2-ը հիվանդ է գրիպի H1N1 տեսակով, և նրանց վիճակը բավարար է գնահատվում: ԼՂՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 70 հիվանդից 33-ը երեխա է: Հետազոտման համար 42 փորձանմուշ է ուղարկվել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա, որից 41 հիվանդի մոտ հաստատվել է թոքաբորբ, նրանցից 10-ը՝ երեխա: Նշվածներից 7-ի մոտ հաստատվել է սեզոնային գրիպի Ա տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը: Նրանցից 5-ը արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, իսկ 2-ի վիճակը գնահատվում է կայուն: Բարեբախտաբար, այս պահի դրությամբ ծանր և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդներ չկան: Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը՝ ԼՂՀ ԱՆ հիշեցնում է, որ բուժհիմնարկներն ապահովված են անհրաժեշտ քանակի դեղամիջոցներով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով: ԼՂՀ ԱՆ-ը կոչ է անում խուճապի չմատնվել, քանի որ համաճարակաբանական իրավիճակը լարված չէ, իսկ սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով՝ գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:

Նմանատիպ նյութեր