Բարեգործությունը Աստծո և մարդու երկխոսություն է. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Մարդու իսկական կոչումն ապրելն է, բայց ոչ գոյատևելը կամ անօգուտ կյանքը: Իսկ կյանքը գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ:
«Խեղված ճակատագրեր» էջում անցնող տարում ևս ներկայացրել ենք ընտանիքների, որոնք գոյատևել են, քաղցած օրեր անցկացրել, մրսել, արտասվել, հուզվել, երազել, աղոթել: Ու աղոթքը տեղ է հասել, երազանքը՝ կատարվել: Մարդիկ երջանկացել են, երջանկացրածները ուրախացել, որ կարողացել են օգտակար լինել, հաճախ նաև կյանք փրկել:
Ասել եմ ու կասեմ՝ բարեգործությունը Աստծո և մարդու երկխոսություն է: Արդարացում չունի այն կյանքը, որ անցնում է առանց մարդուն, հասարակությանը ծառայելու: Բարեբախտաբար, շատ բարերարներ, գթասիրտ, ազնիվ քաղաքացիներ, ընկերություններ, ուսումնական հաստատություններ հենց այդ առաքելությամբ էլ մեզ հետ գործակցում են:
Մարդիկ խեղճի, անպաշտպանի, տկարի, աղքատի, անօթևանի կողքին կանգնելը համարում են պարտականություն, որը ոչ այլ ինչ է, քան բարոյական կատեգորիա:
Աստծո սերը բոլորիս հետ!