2721 դիտում
19:13 21-12-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել Է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը ՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում ներկայիս իրավիճակի և Կազմակերպության հետագա գործողությունների շուրջ:
Խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, նախագահողը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ամփոփել նստաշրջանի արդյունքները:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով
Բարև ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
Այսօր հագեցած օր է: Քիչ առաջ ավարտվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նախատեսվում է անցկացնել նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Մեր հանդիպումն ընթանում է չափազանց բարդ իրադրության պայմաններում՝ պայմանավորված ողջ միջազգային հանրությանը, երկրների եւ տարածաշրջանների անվտանգությանը մարտահրավեր նետած միջազգային ահաբեկչության բազմակի մեծացած սպառնալիքով։
Այսօրվա նիստում ընդունված «Աշխարհում ընթացիկ իրավիճակի մասին հայտարարության» մեջ շարադրված են մերօրյա ամենակարևոր հարցի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ գնահատականներն ու մոտեցումները:
ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս ՄԱԿ կանոնադրության դրույթների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա համընդգրկուն կոալիցիա ձևավորելու օգտին:
Վստահ ենք, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրների հուսալի կանխման, ֆինանսական սնուցման ուղիների արգելափակման:
Մենք քննարկեցինք Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցած և թուրքական զինված ուժերի կողմից կործանված ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի միջադեպը: Համարում եմ, որ Թուրքիայի տվյալ քայլը որևէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը:
Մենք շատ արդյունավետ, անմիջական զրույց ունեցանք նեղ կազմով, հաստատեցինք մեր պատրաստակամությունը հետևողականորեն ամրապնդել ՀԱՊԿ ուժային ներուժը, մեծացնել հակաահաբեկչական բաղադրիչը, բարձրացնել արագ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը՝ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետորեն հակազդելու նպատակով:
Խոսեցինք Դուշանբեում նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին, անդրադարձանք սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ուղղությամբ միջոցառումների ծրագրին և Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում առաջարկված առաջնահերթություններին:
Վստահ եմ, որ մեր համատեղ և համակարգված ջանքերը թույլ կտան ապահովել նշված ծրագրերի արդյունավետ կյանքի կոչումը, որոնց իրականացման ընթացքը կքննարկվի 2016 թվականին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի շրջանակներում:
Բացի այդ, ընդունվեց կադրային երկու որոշում՝ «Գլխավոր քարտուղարի մասին» և «ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմիններում պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին»:
Միասնական որոշում ենք կայացրել գործող Գլխավոր քարտուղար Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ՝ մինչև 2017թ․ հունվարի 1-ը։
Նաև որոշում ենք կայացրել հանձնարարելու ԱԳ նախարարների խորհրդին և Պաշտպանության նախարարների խորհրդին՝ Գլխավոր քարտուղարի հետ համատեղ նախապատրաստելու և Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնելու առաջարկներ Քարտուղարությունում քվոտային պաշտոնների բաշխման, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբում քվոտային պաշտոնների կառուցվածքի և բաշխման շուրջ։ Այս ամենը համապատասխանում է ռոտացիայի սկզբունքի ակտիվ կիրառման անհրաժեշտության վերաբերյալ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համակարգին։ Նիկոլայ Բորդյուժան հաջողությամբ ղեկավարում է քարտուղարությունը, քաջատեղյակ է Կազմակերպության իրավական հիմքին, ինչը կարևոր պայման է տվյալ հանձնարարության արդյունավետ կատարման համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1472 դիտում
18:02 23-12-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
4311 դիտում
15:26 21-12-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում Է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3512 դիտում
21:00 26-12-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու